Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի գրասենյակը հակադարձում է Արայիկ Հարությունյանին

Փետրվար 06,2019 22:20

Պարոն Արայիկ Հարությունյան, համոզված ենք ծանոթ եք Կազանյան փաստաթղթին, հանդիպումը եղել է ոչ թե ապրիլ, հունիս, կամ հուլիս ամիսներին, 2016թ․ վերջում, քննարկումը եղել է կազանյան փաստաթղթի շուրջ, որտեղ դեմ են հանդես եկել Ռազմիկ Պետրոսյանը և էլի մի քանի հոգի, մնացածդ լուռ լսել եք։

Լուռ լսել եք, որ Արցախի ժողովուրդն էլ բան չի որոշելու, որ ռեֆերենդում չի լինելու, որ Արցախը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որ 7 շրջանների վերադարձը առաջին ու երկրորդ փուլերի էիք բաժանում, իսկ հետագայի անվտանգությունն էլ պիտի պահպանեին ՀԱՊԿ-ի ուժերը, արցախցուն զրկելով սեփական հողում խոսքի իրավունքից կամ որ Շուշի-Լաչինի շրջանում պետք է վերաբնակեցվեին տեղահանված ադրբեջանցիները՝ այսինքն վերադարձ 1988թ․։

Դա հերթական հանդիպում չի եղել, դա եղել է հստակ պահանջ՝ կամ պատերազմ, կամ այս փաստաթուղթը։ Պարոն Հարությունյան, սեփական ժողովրդին խաբելը վատ բան է։ Խոսակցությունը եղել է այս շրջանակում, և հիմա ասել, թե սա սովորական քննարկում է եղել, ուղղակի ամոթ է։ Ավելի շատ տարածվել պետք չէ իհարկե, բայց թող բոլորը իմանան ճշմարտությունը։ Իսկ եթե Արցախի ժողովուրդը սա պետք է ընդունի, ապա էլ ոչինչ չկա անելու։Իսկ էտ ճանապարհները առանձին թեմա է, ճանապարհի կառուցումը իր բացատրությունն ունի, բայց դա հաջորդ դասին, ստորև ներկայացնում եմ կազանյան փաստաթուղթը․

Կազանի փաստաթուղթ

Տարածքներ

Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում  են Խաղաղության համաձայնագրով:

Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:

Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:

Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը:

Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային  հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:

Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Անվտանգության երաշխիքներ

Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից  դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:

Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ

Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝

Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում  են Խաղաղության համաձայնագրով:

Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

Ազատ կամարտահայտություն

Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում:

Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Լաչինի միջանցք

Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ:

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը:

Փախստականներ

Բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը կհայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է:

Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտվում են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց որևէ խտրականության:

Ապաշրջափակումներ

Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։

Դոնորների խորհրդաժողով

Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար։

Հանձնաժողովներ

Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձևավորում են առանձին հանձնաժողովներ։ Այդ հանձնաժողովները գործում են կոնսենսուսի հիմունքներով և զբաղվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամկետների հստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների և Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ապրիլյան պատերազմից էլ լավ ապացույց?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728