Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 13-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի բարձունքում պաշտպանության նախարարությանը պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է ընկել ճանապարհից, վնասվել:
Ժամը 18-ի դրությամբ ճանապարհի այդ հատվածը փակ էր: Այդ ժամանակ Տավուշի ՃՇՇ-ի վերամբարձ կռունկը վթարի ենթարկված բեռնատարը տեղափոխում էր ճանապարհի երթեւեկելի մաս: Հավաքվել էին մեծ թվով զինվորականներ եւ քաղաքացիներ: Նրանք հայտնեցին, որ դեպի Տավուշ գյուղ իջնող բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել սննդով բեռնված մեքենան եւ այն դուրս է ընկել ճանապարհից, վարորդի ոտքը կոտրվել է: Մեքենայի բեռը՝ սնունդը վթարված բեռնատարից տեղափոխվել է:
Վնասված բեռնատարը կոշտ քարշակով կապվեց մեկ այլ բեռնատարի, որպեսզի այն տեղափոխեն Վանաձոր: Կես ժամ անց հանրապետական նշանակության ճանապարհով երթեւեկը վերականգնվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ