Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի աշխատակիցները կրկին դիմել են Aravot.am-ի խմբագրություն: Նրանք նշում են, որ ջրի հետեւանքով օրեցօր քոլեջի բակ տանող ճանապարհն ավելի է վատթարանում, եւ սառույցների պատճառով տարածքով անցնելը դառնում է անհնարին:
Մոտ երկու շաբաթ առաջ կրկին անդրադարձել էինք խնդրին: Մեզ հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետն ասել էր, որ տեղյակ են ստեղծված իրավիճակի մասին, վստահեցնելով, որ խնդիրը լուծում է ստացել:
Այնինչ, թաղամասի բնակիչները, քոլեջի աշխատակիցներն ու ուսանողները շարունակում են դժգոհել՝ ճանապարհն անանցանելի է:
«Վիոլա ջուր» ընկերության Լոռի տեղամասի շահագործման տեղամասի պետ Ալիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում տեղեկացավ խնդրի մասին, նշելով, որ նախկինում առաջացած վթարը վերացվել է, իսկ այս խնդրի մասին տեղյակ չեն եղել: Տեղամասի պետը վստահեցրեց, որ այսօրվա խնդիրը լուծում կստանա մինչեւ այս շաբաթվա վերջ. «Նախկինում վթար էր եղել, մենք դա վերացրել ենք: Դրա հետեւանքով էլ սառույցներ էին առաջացել: Մենք այն ժամանակ խողովակի վրա էինք աշխատանք արել: Հիմա արդեն շինության տակն է փլվել: Դա մեծ աշխատանք է, մենք հիմա կազմակերպում ենք, որ մինչեւ շաբաթվա վերջ վերջացնենք: Սա լուրջ խնդիր է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ