Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ հանդիպման ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նախարարությունների օպտիմալացման որոշումը կայացնելիս կառավարությունում իրենց՝ մարզաշխարհի գործող մասնագետների կարծիքը լսե՞լ են եւ ինքն անձամբ ի՞նչ է մտածում, որ սպորտը դառնում է մի սուպերնախարարության ընդամենը մի օղակ:
«Իմ կարծիքով սպորտի բնագավառը մեծ եւ շատ աշխատատար է: Չեմ ուզում խորանալ այդ հարցում, քանի որ լիարժեք պատասխանել չեմ կարող: Իմ պատկերացումով սպորտը բոլոր երկրների համար շատ կարեւոր բնագավառ է եւ ամեն դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձվի սպորտին՝ անկախ նրանից, մի քանի նախարարություններ միասին կաշխատեն, թե սպորտը կլինի առանձին: Դա որոշում է կառավարությունը եւ ղեկավարությունը: Բայց մի բանում համոզված եմ, որ պետք է սպորտին շատ լուրջ, հետեւողական մոտեցում լինի, որովհետեւ դա կարելի է ասել, բանակից հետո շատ կարեւոր ճյուղերից է: Մեր հետ քննարկումներ չեն եղել, եղել են, բնականաբար, սպորտի ղեկավարները: Ես պատասխանատու եմ իմ մարզաձեւի համար», – պատասխանեց պարոն Ջուլֆալակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ