Աշխատանքներ են տարվում, որ մինչեւ գարուն «Սինոփսիսը» մասնաճյուղ բացի Գյումրիում: Այս մասին, այսօր հայտարարեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ» մարզերում տեխնոլոգիական զարգացման ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» եւ «Լոֆթը» այսօր նախաձեռնել էին «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում։
Ամալյա Եղոյանը նաեւ տեղեկացրեց, որ Վանաձորը ցանկանում են դիրքավորել Երեւանից դուրս տեխնոլոգիական գլաստեր ունեցող երկրորդ քաղաք: Առաջինը Գյումրին է: ՀՕՖ-ը հաստատել է իր աջակցությունը`ծրագիրը նաեւ Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում էլ իրականացնելու: Ծրագիրը մեկնարկելու է երկու մասնագիտացումներով եւ ամբողջական դասընթացներով, ավելի ուշ կլինեն նեղ մասնագիտացումներ: Դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները: Կրթական ծրագրերը տեւելու են ութ ամիս, վեցերորդ ամսում, ուսանողները բաժանվելու են թիմերի եւ իրականացնելու են համայնքին ուղղված տեխնոլոգիական ծրագրեր`մանկապարտեզի, դպրոցի վեբ-սայթերի նախագծում եւ այլն: Խնդիրները վերհանվելու են մարզպետարանների օգնությամբ: Հետագայում, չի բացառվում նաեւ մարզերում փոքրիկ ինկուբացիոն կենտրոնների կառուցումը:
Աշխատանքները կկազմակերպվեն այնպես, որ մարզի այլ քաղաքներից եւ գյուղերից նաեւ հնարավորություն ունենան մասնակցել ուսումնական ծրագրերին:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շատ կարեւորեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գոյությունը. «Շատ կարեւոր կառույց է: Գյումրիից հետ ենք մնում, բայց պոտենցյալ կա, զարգացնելու ճանապարհներ ենք փորձում գտնել`շահագրգռելով, լավ պայմաններ առաջարկելով, որ ընկերությունները տեղափոխվեն Վանաձոր: Կան առաջարկելու բաներ, ինչը գուցե Երեւանում չգտնենք»: Այս պահին 150 մարդ է այդ կենտրոնում աշխատում:
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն էլ նկատեց` մարզը ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացման, այլ տուրիզմի, հատկապես գինեգործության զարգացման կենտրոն է: Ասաց`պետք է հասնենք նրան, որ գինեգործության համաշխարհային կենտրոն դառնա:
Կենտրոնները մարզերում կգործեն տարբեր ինստիտուտների`տվյալ մարզի մասնաճյուղերում:
Քննարկմանը ներկա Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանն էլ ներկայացրեց Հանրապետության Նախագահի աշխատակազմի, ՊՆ-ի եւ «Երևան, իմ սեր» հիմնադրամի համատեղ նախաձեռնության`«Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին, որը վերաբերվելու է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինվորականների հասարակական ինտեգրացիային, մասնավորաբար, զբաղվածության հարցերին:
Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանն էլ երիտասարդներին պատգամեց`առանց համարձակության, առանց թռիչքի, հնարավոր չէ հաջողության հասնել. «Մենք մեր լեքսիկոնից պետք է վերացնենք կասկածամտությունը, վախը»: Ըստ նրա, այն ինչ անում էր Հայաստանը 30 տարի առաջ տեխնոլոգիական զարգացման առումով, ավելին էր, քան այսօր է անում: Բայց այն, ինչ արվել է մինչ օրս, ոչինչ է`դեռ անիլիքների առումով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ