Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպումից առաջ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ հանդիպումը վարող մարզական լրագրող Կարեն Գիլոյանը հայտարարեցին՝ քանի որ 2019 թվականը նախաօլիմպիական եւ հավաքականի անդամների ու մարզիչների համար անչափ լարված ու պատասխանատու տարի է, որոշվել է լրագրողների հետ հանդիպել միայն միջազգային խոշոր մրցումներից հետո: «Ես շատ եմ հարգում ձեզ եւ ձեր աշխատանքը եւ միշտ պատրաստակամ եմ շփվել:
Սակայն գրեթե ամեն օր մի քանի լրագրող է զանգում, խնդրում պատասխանել իրեն հետաքրքրող հարցերին: Եթե պատասխանեմ, ոչ մարզումների, ոչ ըմբիշների հետ աշխատելու, ոչ էլ անձնական կյանքի ժամանակ չի մնա», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը, որից հետո ամփոփեց Նիս քաղաքում օրերս անցկացված միջազգային խոշոր մրցաշարում իր սաների մասնակցությունը: «Տարին սկսեցինք ծաղկաձորյան հավաքով, որից հետո հավաքականը յոթ մարզիկով մասնակցեց Հենրի Դեգլանի ավանդական հուշամրցաշարին: Մեր ըմբիշներից վեցը վերադարձավ մեդալով՝ 4 ոսկե եւ 1-ական արծաթե եւ բրոնզե:
Մեդալ չնվաճեց Մաքսիմ Մանուկյանը: Մենք նրա մասնակցությունը չէինք պլանավորել, որովհետեւ դեռ բուժումներ է անցնում: Սակայն նա մասնակցելու ցանկություն հայտնեց, թեեւ լիարժեք պատրաստ չէր, ինչն էլ երեւաց Ֆրանսիայում: Մեր առաջին հավաքը նվիրված էր ընդհանուր եւ հատուկ ֆունկցիոնալ պատրաստությանը, հետեւաբար թիմը լիարժեք մարզավիճակում չէր կարող գտնվել: Դա բնորոշ է բոլորին: Այնպես, որ մեր գլխավոր նպատակը որ թե մեդալ նվաճելն էր, այլ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին լիարժեք պատրաստվելը: Բայց տղաները նորմալ մասնակցեցին եւ նրանց մարզավիճակն այն էր, ինչ ինձ պետք էր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ