Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։
Նախագահը կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է:
Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների, լավ գործընկեր կարող է լինել։ Համաձայնություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստան այցելության մասին՝ որոշակիացնելու համար գործակցության կոնկրետ ծրագրերը։
«Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտի, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանության, էներգետիկայի ոլորտների համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ