Վարչական վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ վերադարձնել քաղաքացու կողմից սխալմամբ այլ հաշվեհամարին գրավի համար փոխանցված 2.000.000 ՀՀ դրամ գումարը: Դատարանում քաղաքացու շահերը ներկայացրել է փաստաբան Մուշեղ Խաչիկյանը։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 7-ին բավարարել էր քրեական գործով տվյալ պահին կալանավորված մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը՝ որպես գրավի չափ սահմանելով 2.000.000 ՀՀ դրամը։ Նշված գումարը պետք է փոխանցվեր դատարանի դեպոզիտ հաշվին, սակայն մեղադրյալի ազգականը թյուրիմացաբար այդ գումարը վճարել է պետական տուրքի համար նախատեսված հաշվեհամարին՝ նշելով որպես «գրավի մուծում»։
2016 թ. հունվարի 11-ին վերաքննիչ քրեական դատարանը գրավի կիրառումը գտել է անթույլատրելի, բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, և մեղադրյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Իսկ 29.06.2016թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է վճարված գրավի գումարը՝ վերադարձնելու մասին: Սակայն թե դատարանի աշխատակազմը, եւ թե ֆինանսների նախարարությունը հրաժարվել էին քաղաքացուն վերադարձնել նշված 2 մլն դրամ գումարը՝տարբեր պատճառաբանություններով։
Քանի որ որոշումը նոր է ուղարկվել կողմին, Аravot.am-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ վարչական դատարանը հիմնավորված է համարել փաստաբան Մուշեղ Խաչիկյանի կողմից ներկայացված փաստարկները եւ վերականգնել քաղաքացու՝ խախտված իրավունքները՝ պարտավորեցնելով ֆինանսների նախարարությանը քաղաքացուն վերադարձնել թյուրիմացաբար պետական տուրքերի վճարման համար փոխանցված՝գրավի համար նախատեսված 2 մլն դրամը:
Ռ.Մ.