Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իրանական հարաբերությունները դրել են կախվածութան մեջ Ռուսաստանի կողմից մեզ լավ աչքով նայելու-չնայելու համար. Ռուբեն Մեհրաբյան

Փետրվար 06,2019 19:30

«Հայ-իրանական հարաբերությունների մասին խոսելիս կարող ենք ասել, որ հետխորհրդային ժամանակահատվածում մենք ավելի շատ խոսքեր ենք ունեցել, քան գործեր: Մենք նաև ունեցել ենք հնարավորություններ խոսքը գործի վերածելու, բայց Հայաստանի իշխանությունները ամենաանխիղճ ձևով մսխել են դրանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի մասին Իրան՝ ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Վերջինիս կարծիքով՝ եկել է լուրջ պայմանավորվածություններ կյանքի կոչելու ժամանակը, մասնավորապես Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այն գաղափարը, որ Հայաստանի և Վրաստանի միջոցով Պարսից ծոցը և Սև ծովը պետք է միանան իրար:

«Այս ճանապարհին թույլ օղակը շարունակում է մնալ Հայաստանը, և գնդակը այս իմաստով Հայաստանի դաշտում է: Հայաստանը պետք է լրջագույն քայլեր անի այս ուղղությամբ՝առանց Ռուսաստանի կողմ նայելու: Հաջորդը Արաքս գետի հնարավորությունների համատեղ օգտագործումն է Իրանի հետ: Մասնավորապես խոսքը հիդրոէլեկետրոկայանի մասին է , որի շուրջ պայմանավորվածությունը վաղուց կա, բայց տեղյակ չեմ՝ գործը որքանով է առաջ գնում: Էական առաջընթացի դեպքում բոլորս էլ տեղյակ կլինեինք դրա մասին, բայց առայժմ ձայն չկա»,- իր խոսքում ասաց պարոն Մեհրաբյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանը պետք է լայնորեն օգտվի նաև Իրանի ածխաջրածնային հնարավորություններից՝ իհարկե նաև զգուշանալով միջազգային պատժամիջոցներից, քանի որ Իրանը լրջագույն խնդիրներ ունի միջազգային հանրության հետ. «Միջազգային հանրությունը միակարծիք չէ, թե ինչպես կառուցել հարաբերությունները Իրանի հետ: Եթե ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Իրանի հետ տնտեսական հարաբերություններին, Եվրոպայում մի քիչ այլ է մոտեցումը. այլընտրանքային վճարային համակարգ են ձևավորել վճարումները կատարելու համար: Հայկական կողմը ևս կարող է օգտվել այս հնարավորություններից, բայց, այնուամենայնիվ, մենք չենք կարող անել քայլեր, որոնք կբերեն նրան, որ Հայաստանը կհայտնվի երկրորդային պատժամիջոցների ներքո: Այստեղ լուրջ անելիքներ կան, բայց դա ոչ մի կերպ չի խանգարի, որ Հայաստանը կատարի իր՝ կապող օղակի դերը Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Դրա համար հաստատ պատժամիջոցներ չեն լինի»:

Պարոն Մեհրաբյանը նկատեց նաև, որ Իրանի նավթային ընկերության համար ԱՄՆ-ն բացառություն արեց, այն մասով, որ Իրանը Կասպից ծովում ածխաջրածինների արդյունահանման հետ կապված ադրբեջանական մի նախագծում մասնաբաժին և մասնակցություն ունենա: Բանախոսի կարծիքով՝ հայկական կողմը ևս նման բացառությունների համար հնարավորություններ ունի:

«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն: Դրա գիտակցումը, ցավոք սրտի, մինչև հիմա չի եղել: Ցավոք սրտի, հայ-իրանական հարաբերությունները դրել են կախվածութան մեջ Ռուսաստանի կողմից մեզ լավ աչքով նայելու-չնայելու համար, ինչը կարծում եմ ռազմավարական սխալ է եղել: Դա, բարեբախտաբար, անցյալում է, զարգացումները դեռ առջևում են. այստեղ հսկայածավալ աշխատանք կա անելու»,- հավելեց պարոն Մեհրաբյանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728