Ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանն արդեն իսկ սկսել ներդրումային իր ծրագիրն իրականացնել Գյումրիում։ Նա Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում գտնվող «Բարեկամության» այգին վերածելու է հանգստի, ժամանցի գոտու՝ տեղադրելով ատրակցիոններ, որոնք 4 միլիոն դոլարի արժողություն ունեն։
Նշենք, որ երբեմնի գողտրիկ այդ տարածքը երկրաշարժից հետո վերածվել էր տնակային թաղամասի։
Սամվել Բալասանյանն Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ Բարեկամության այգու ներդրումային ծրագիրը սկսված է․ այգին շատ մեծ դժվարությամբ կարողացան ձերբազատել 22 տնակներից։ Ըստ քաղաքապետի, ներկրվել են նաև ատրակցիոները, իսկ շինարարությունը կսկսվի ապրիլից։
«Գործարան ասել է՝ ապրիլից են սկսում շինարարական աշխատանքները։ Կան կրպակներ, որոնք տեղադրված են այգու հարակից մայթի վրա, դրանք ևս հանելու ենք։Հրաշք մի վայր է դառնալու, բոլոր ատրակցիոները բերված են, կուտակված են, պահեստավորված են։ Այդտեղ էլ ունենալու ենք սմարթ նստարաններ։ Նորմալ բան են սարքելու, Ռուբեն Վարդանյանի ծրագիրն է, գիտեք, որ ինքը շատ բարձր մակարդակով է իր ծրագրերն անում, մենք էլ աջակցել ենք, տվել ենք այդ հողակտորը։
Շառլ Ազնավուրի հրապարակն էլ կասֆալտապատվի։ Շառլ Ազնավուրի արձանի եզրաքարերը փոխեցինք, որոշ հատված կա, որ նույնպես պիտի վերանորոգենք, ծրագրի մեջ է»,- տեղեկացրեց Սամվել Բալասանյանը։
Սամվել Բալասանյանի հետ ունեցած հարցազրույցից հետո Գյումրու քաղաքապետարանը նաև գրավոր պարզաբանում ուղարկեց գործարարի այս ներդրման շուրջ։ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը նախաձեռնել է Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրը, որի նպատակն է այգին դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Վերջին ամիսներին IDeA հիմնադրամը և Գյումրիի համայնքապետարանն աշխատանք են տարել այգու տարածքում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ։ IDeA հիմնադրամի և «Ազնավուր» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 20 ընտանիք տեղափոխվել է բնակարան, որոնք ընտրված են այդ ընտանիքների հետ համատեղ քննարկումների ու բանակցությունների արդյունքում։
Ինչ վերաբերում է այգում շինարարական աշխատանքների մեկնարկին, ապա հարկ ենք համարում նշել, որ IDeA հիմնադրամը շարունակում է աշխատանքը այգու ամբողջական նախագծի վրա և շինարարական աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետներ դեռևս չկան։ Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ