ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել՝ ամփոփելու հունվարի 21-25-ը ձմեռային նստաշրջանի աշխատանքները:
Լրագրողների հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ընտրվեց թե՛ նախագահությունում, նաեւ բյուրոյի անդամ է, մինչդեռ մեր երկրի դեպքում թե՛ նախագահությունում ներկայացուցիչ չունենք եւ թե՛ բյուրոյում, այս առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ,ինչպե՞ս պետք է խուսափել ավելորդ խնդիրներից:
Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Տաթեւ Հայրապետյանը պատասխանեց, որ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ աշխատանքը հանձնաժողովներում եւ ենթահանձնաժողովներում. «Մինչեւ լիագումար նիստն անցնելը բանաձեւը բազմաթիվ փուլեր է անցնում: Լիագումար նիստում շատ ավելի բարդ է կանխել բանաձեւի ընդունումը, քան կանխել դրա հետ կապված այս կամ այն քայլը բուն հանձնաժողովում: Նախկինում ի՞նչ դեր էր խաղում, որ Ադրբեջանը կարողանում էր այս կամ այն հարցում հաջողության հասնել, դա խավիարային դիվանագիտությունն էր, որի պատճառով ԵԽԽՎ-ն լուրջ իմիջային խնդիր ունեցավ, այժմ այդ կառույցն ամեն քայլ ձեռնարկում է նման խնդիրներից զերծ մնալու համար: Մարդիկ շատ ավելի զգուշավոր են: Ես չեմ ասում նման հարցերը բացառված են, բայց հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան նախկինում»: Նա նաեւ նշեց, որ մեր երկրում փոփոխությունների արդյունքում բարեկամներ ենք ձեռք բերել ու պետք է փակենք ցանկացած հակահայկական բանաձեւի ճանապարհները:
Խավիարային դիվանագիտությանն անդրադառնալով՝ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն ասաց. «Ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության հռետորաբանությունը փոխված էր, որոշակի նրբերանգները փոփոխված էին: Չնայած մենք ունեցանք հակադարձումներ բավականին հուժկու, բայց, միեւնույն է, դրանք փոփոխությունների են ենթարկվել: Իհարկե, իրենք էլ էին նշում մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները, բայց հասկանում եք ռակուրսն ինչպիսին է: Երբ որ զեկույցներ են հանձնաժողովներում տրվում, մենք պետք է ակտիվ լինենք, որ այն զեկույցները, որ տրվում են ադրբեջանական պատվիրակներին, նրանց վերնագրերը կարող են մի փոքր ավելի նետրալ՝ չեզոք բնույթ կրեն, բայց հետագայում այնպիսի եզրույթներ մտցնեն, որ հստակ հակահայկական հռետորաբանություն ունենան: Երբ զեկուցողը նշանակվում է, 1,5 տարի է տեւում, մինչեւ լիագումար նիստ մտնի, այդ ընթացքում մեր պատվիրակության անդամները պետք է զգոն լինեն, որ կարողանանք կանխարգելենք եւ թույլ չտանք, որ այդ հակահայկական ձեւակերպումները լինեն: Խավիարային դիվանագիտության հետ կապված ասեմ, որ այն գործիչները, որոնց մենք գիտենք, բավականին թրջված վիճակում են շատ շատերը, որոնք իրենց երկրներում արդեն որոշակի նսեմացման գործընթաց են անցել»:
Պատվիրակության անդամները նշեցին, որ ԵԽ-ն հասկացել է թույլ տված սխալները ու փորձում է կանխարգելել հետագա դրսեւորումների ծավալները: Մենք պարոն Մելքումյանից ավելի ուշ հետաքրքրվեցինք՝ ինչի՞ց ենթադրեցիք, որ խավիարային դիվանագետները «թրջված» էին այս անգամ՝ նա պատասխանեց. «Զրուցելով: Առաջ այդպիսին չէին, նախկինում մի քիչ ավելի ագրեսիվ էին»:
Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են արել, թե իբրչ ադրբեջանցի պատվիրակները մեր նախկին իշխանություններին կրիմինալ եւ այլ որակումներ են տվել, իսկ մենք լուռ նստել ու լսել ենք: Դա ամենեւին այդպես չի եղել, անկախ այն հանգամանքից, թե մենք ինչպես ենք վերաբերվում նախկին իշխանություններին ներքաղաքական համատեքստում, Ստրասբուրգում սահմանները ջնջվում են, չկա նախկին ու ներկա իշխանություն, կա Հայաստան ու մեր պատվիրակությունը պարոն Մարուքյանի ու Մելքումյանի շուրթերով միանգամից արձագանքել է ու Ադրբեջանին հորդորել զբաղվել իրենց խնդիրներով ու իրենց իրավունք չվերապահեն խոսել ՀՀ-ում ժողովրդավարացման վերաբերյալ ու օրինակ վերցնեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ