Ռոսկոմնադզորի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Մոսկվայում, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ Китайгородский пр., д.7, стр.2 հասցեում: Դա վեց հարկանի մի հսկայական շենք է, որտեղ անվտանգության պահակակետից այն կողմ հավքն իր թևով, օձն իր պորտով մուտք գործել չի կարող և այդ հսկա շենքում նստած աշխատակազմի հետ կենդանի շփման համար գործում է ընդամենը երկու հեռախոսահամար՝ մամուլի ծառայություն և թեժ գիծ: Իսկ եթե մտադրված եք առավել կենդանի շփման՝ խնդրեմ, կարող եք շփվել անվտանգության աշխատակցի հետ միայն, որը տեղյակ է ամեն ինչից, մասնավորապես նրանից, որ իրենց գերատեսչության հետ կա հաղորդակցվելու միայն մեկ տարբերակ՝ նամակագրություն:
Մամուլի ծառայությունում հեռախոսազանգերին պատասխանելուն լիազորված աղջիկը, համառորեն հրաժարվում է կապել քեզ որևէ իրավասու անձի հետ, պնդում է, որ իրենց բաժինը ոչ մի կերպ լիազորված չէ բանավոր պատասխանելու որևէ մեկի հարցին, լինի դա լրագրող, թե այլ մեկը: Իսկ գրավոր պատասխան ստանալու համար պետք է ուղարկել հարցում և սպասել մեկ ամիս: Այն հակադարձմանը, թե խնդրո առարկա հանդիսացող՝ «Առավոտ» առցանցի արգելափակման հետ կապված հարցումը ուղարկվել է և մենք կուզենայինք որևէ մեկնաբանություն մամուլի ծառայության կամ որևէ այլ լիազորված աշխատակցի կողմից մեր ընթերցողների համար՝ մինչև պաշտոնական պատասխան ստանալը, աղջիկը պատասխանում է, որ՝ այո, ես հարցումը տեսնում եմ, սակայն, սպասել մեկ ամիս, այնուամենայնիվ, պետք է: Մոտավորապես, նույն բովանդակության երկխոսություն է տեղի ունենում Ռոսկոմնադզորի թեժ գծի աշխատակցի հետ:
Ինչևէ: Ես ուզում եմ միայն համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել հետևյալ պահանջի վրա, որը իր կայքում հրապարակել է Ռոսկոմնադզորը՝ ինտերնետային էջերի արգելափակման հետ կապված: Այսպիսով՝ Ռոսկոմնադդզորի կայքում սևով սպիտակի վրա գրված է, որ այն ինտերնետային լրատվամիջոցները, որոնք հանդես են գալիս, որպես արտոնագիր ստացած լրատվամիջոց (ցանկը ներկայացված է և այնտեղ չկա «Առավոտի» անվանումը) և խախտում են օրենսդրության այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, էքստրեմիզմի, պոռնոգրաֆիայի, զրպարտության տարածման և հեղինակային իրավունքների խախտման դեպքեր, կարող են արգելափակվել Ռոսկոմնադզորի կողմից, իսկ այն ինտերնետային ԶԼՄ-ները, որոնք գրանցված չեն, որպես լրատվամիջոց և խախտում են վերոհիշյալ օրենսդրական պահանջները, գտնվում են միմիայն իրավապահ մարմինների պատասխանատվության տակ և կարող են արգելափակվել միայն դատարանի համապատասխան որոշումից հետո: Իսկ մենք, արդեն գիտենք, որ Առավոտի նկատմամբ, դատարանի համապատասխան որոշում չկա, համենայն դեպս, մեզ այդպես են տեղեկացրել Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանում՝ ասելով, որ գործի քննությունը տեղի կունենա փետրվարի 26-ին 14:15
Նկատենք, նաև որ Ռոսկոմնադզորի վերոհիշյալ ցանկում նշված չէ անձնական տվյալների գաղտնազերծման պատճառաբանությունը, որի համար մեղադրվում է «Առավոտը»: Եվ երկրորդ՝ «Առավոտը» չի հանդիսանում գրանցված ինտերնետային լրատվամիջոց Ռոսկոմնադզորում և այն կարող էր արգելափակվել միայն դատարանի համապատասխան որոշումից հետո:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ