Լրահոս
Օրվա լրահոսը

«Արփինե Հովհաննիսյանը երբեւիցե ինձ հետ կապ չի հաստատել». Ռուբինյանի պատասխանը՝ Արփինե Հովհաննիսյանին

Փետրվար 06,2019 18:35

Այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների ասուլիսն էր ու լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ-ն այս պահին ի՞նչ մոնիտորինգի տակ է` պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ մոնիտորինգի տակ լինել՝ չի նշանակում, որ երկիրը դասվել է ժողովրդավարության առումով խնդիրներ ունեցող երկրների դասին, ոչ միշտ է, որ իրավիճակային մոնիտորինգ է  իրականացվում, ԵԽ-ն պարբերաբար ստուգում է, թե ինչքանով է ԵԽ անդամ պետությունը պահպանում ԵԽ կանոնադրությամբ եւ մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պարտավորությունները. «Սա հիմք է տալիս զեկույցներ կազմելու: Հայաստանի հանրապետությունը գտնվում է մոնիտորինգի տակ Մարտի 1-ի դեպքերից»:

Նա հույս հայտնեց, որ «պրոգրես» կգրանցեն ու այս մոնիտորինգի ժամանակաշրջանը կավարտվի. «Ժողովրդավարությունը ստատիկ վիճակ չէ, ԵԽԽՎ-ն արձանագրում է ե՛ւ ժողովրդավարության նահանջ, ե՛ւ զարգացում»:

Հարցին՝ այսինքն՝ ՀՀ-ն մոնիտորինգի տակ է Մարտի 1-ի բացահայտման մասով, բայց ոչ քաղաքական հետապնդումների՞, Վարդանյանը պատասխանեց. «Մոնիտորինգ նշանակում է պարզել՝ որքանով  է պետությունը կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները, եւ եթե ԵԽԽՎ-ում կամ այլ կառույցում կասկածներ են առաջանում առ այն, որ տվյալ երկիրն իր ստանձնած պարտավորությունները չի իրականացնում, ապա նախաձեռնում է մոնիտորինգային  գործընթաց, ինչը նորմալ է, որովհետեւ ցանկացած երկրում կարող է լինել ժողովրդավարության զարգացում կամ հետնահանջ,եւ այդ հետնահանջը կարող է պատճառ դառնալ, որ այդ պետությունը դուրս մնա ԵԽԽՎ կազմից: Ես սա չէի պայմանավորվի այս կամ այն դրվագով,  սա, ընդհանուր առմամբ պետության ստանձնած պարտավորությունների կատարման որակի ստուգման գործընթաց է, որը, կարծես թե, նորմալ է»:

Հայաստանյան նախկին պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսուքյան իր էջում նոր պատվիրակության ղեկավարի՝ Ռուբինյանի համար դիտարկումներ էր ներկայացրել ու գրել՝ «Ես իմ փորձը եւ արժեքավոր տեղեկությունները, որի մասին դիվանագետները չգիտեն և չեն էլ կարող իմանալ, պարոն Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ և ձևաչափ քան ֆեյսբուքն է, չունեմ»:

Aravot.am-ը պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին հարցրեց՝ դուք գտնում եք, որ իրենից սովորելու, իմանալու բան չունեք, դրա՞ համար չեք հանդիպել, թե՞ նման հնարավորություն չի ընձեռնվել, ինչո՞ւ չեք հանդիպել: Ռուբինյանը պատասխանեց, որ Արփինե Հովհաննիսյանը երբեւիցե իր հետ կապ չի հաստատել ու չի առաջարկել հանդիպել, հետեւաբար ինքն էլ չի մերժել, քանի որ չի եղել առաջարկ. «Ես չեմ նախաձեռնել: Խնդրում եմ հաշվի առնել, որ ԵԽԽՎ պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ պատվիրակության կազմի եւ պատվիրակության ղեկավարի՝ խորհրդի կողմից հաստատման հաջորդ օրը: Ես որեւիցե անձի, ներառյալ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու եւ փորձի փոխանակում կատարելու խնդիր չունեմ, եթե դրա նպատակը ՀՀ շահերի սպասարկումն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728