Այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ Aravot.am-ը հարցրեց՝ միջազգային հարթակներից ահազանգում են արդարադատության մարտահրավերների մասին, մասնավորապես, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործին անդրադարձ կար, որտեղ վրեժխնդրության քաղաքականության մասին մտահոգություն կար, ի՞նչ տեսակետ ունեք այդ մասին:
Պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանն ի պատասխան հիշեցրեց. «Բոլորս հիշում ենք 1609 բանաձեւը 2008-ի ապրիլի 15-ին ընդունած, որը եւ պատճառ է եղել այն մոնիտորինգի գործընթացի, որը այդ ժամանակ, ինչպես հիշում ենք, սկսվել է Մարտի 1-ի իրադարձություններից հետո: Մարտի 1-ը, որպես երեւույթ, որպես Հայաստանի այն իշխանությունների պարտավորություն, դրված է այդ բանաձեւում եւ գրված է որպես խորհուրդ, որպես պարտավորություն իշխանություններին շուտափույթ բացել Մարտի 1-ի հետ կապված բոլոր հանգամանքները: Հիշում եք հետագա 1624 բանաձեւը, մյուսները, որտեղ ամեն անգամ նշվում էր այն հանգամանքը, որ Մարտի 1-ի հարցում որեւէ առաջընթաց չկա: Եվ եթե մենք նայենք, որ այդ հարցը նաեւ պատճառ է հանդիսացել բազմաթիվ այլ զեկույցների, այդ թվում ՝ Freedom House-ի, որպես նեգատիվ երեւույթ իշխանությունների չկատարած պարտավորությունների, ապա այսօր մենք ըստ էության գտնվում ենք մոնիտորինգում նշված հարցի բացահայտման առումով: Ես համոզված եմ, որ դա կգնա թե՛ միջազգային իրավունքի, թե՛ առաջին հերթին ՀՀ օրենքների համաձայն: Այստեղ մեծ խնդիր միջազգային առումով չկա: Հակառակը, մեզ թվում է, որ դա կողջունվի ի վերջո նույն ԵԽ-ի կողմից, որովհետեւ այդ պատճառով ենք մենք մտել մոնիտորինգի տակ, ուշադրության տակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ