Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսքան տարի անգործությունից հետո իրական քայլեր են կատարվում Մարտի 1-ը բացահայտելու ուղղությամբ». Ռուբինյանը՝ Միյատովիչի զեկույցի մասին

Փետրվար 06,2019 18:07

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել՝ ամփոփելով հունվարի 21-25-ը ձմեռային նստաշրջանի աշխատանքները:

Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումներն են քննարկվել: Ռուբինյանն ասաց, որ զեկուցող Ալեքսանդր Պաչիերը իր ելույթում շատ բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների որակը՝ նշելով, որ նախկինում սիստեմատիկ բնույթի ընտրախախտումները այս անգամ առկա չէին, ընտրությունները մրցակցային էին եւ ազատ. «Առանձնապես կարեւորվեց այն փաստը, որ Հանրային հեռուստաընկերությամբ տեղի ունեցավ բանավեճը ցուցակի առաջին համարների: Մասնավոր զրույցներում մեզ բոլորը ըստ էության շնորհավորում էին այս ահռելի առաջընթացի համար»: Պատվիրակության նոր անդամները հանդիպել են նաեւ ԵԽԽՎ նախագահի հետ, որը նշել է, որ հայաստանյան օրինակը պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար:

Aravot.am-ի հարցին, որ միջազգային հարթակներից ահազանգում են արդարադատության մարտահրավերների մասին, մասնավորապես, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործին անդրադարձ կար, որտեղ վրեժխնդրության քաղաքականության մասին մտահոգություն կար, ի՞նչ տեսակետ ունեք այդ մասին: Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես ահազանգ տերմինի հետ համաձայն չեմ: Ահազանգ նշանակում է, որ ինչ-որ խնդիր են տեսնում, ինչ-որ խախտում են տեսնում եւ ահազանգում են դրա մասին: Ըստ էության, չկա որեւիցե զեկույց, որտեղ նշվի, որ խախտվել է ՀՀ-ում արդարադատությունը: Կա կոչ՝ ապահովել, որ բոլոր գործերը, ներառյալ Մարտի 1-ի գործն անցնի պատշաճ, արդար քննության միջով: Շատ դրական կոչ է, որովհետեւ մենք այդպես թե այնպես դա անելու ենք եւ անում ենք»:

Ռուբինյանը նշեց, որ այդ զեկույցում նաեւ ողջունվում են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները նաեւ Մարտի 1-ի առումով, որովհետեւ ի վերջո այսքան տարի անգործությունից հետո իրական քայլեր են կատարվում Մարտի 1-ը բացահայտելու ուղղությամբ: Եվ եթե ընդհանուր համատեքստի մեջ նայենք, ողջունվում է բացահայտելու քաղաքականությունը եւ կոչ է արվում, որ գործընթացը լինի արդար, պատշաճ կազմակերպված:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, դուք սա ազդակ չե՞ք դիտարկում, որովհետեւ սա արդեն երկրորդ զեկույցն էր, որտեղ նմանատիպ ձեւակերպումներ կային՝ Ռուբինյանը պատասխանեց. «Մենք ձեւակերպումները դիտարկում ենք այնպես, ինչպես դրանք կան: Այդ ձեւակերպման մեջ չկա պնդում, կա կոչ, որի հետ մենք համաձայն ենք»:

Դիտարկմանը, որ սովորաբար միջազգային հարթակներում նրբորեն են ասում իրենց ասելիքը, ուղիղ տեքստով չեն ասում, փաթեթավորում են՝ Ռուբինյանը արձագանքեց. «Կա մի քանի կոնկրետ փաստ. Փաստ 1՝ ողջունվել է Մարտի 1-ը բացահայտելու հանձնառությունը, փաստ 2` ոչ մի տեղ նշված չէ որեւիցե ահազանգ, որ տեղի է ունենում որեւիցե անարդարություն, փաստ 4՝ զեկուցողներն ընդհանրապես ինչի՞ հետեւանքով են արտահայտում կարծիք, նրանք շփվում են բոլոր կողմերի հետ, լսում են բոլոր կողմերի մտահոգությունները եւ արդյունքում համադրում իրենց փաստերի հետ եւ կազմում իրենց զեկույցները: Հիմա ի՞նչ է տեղի ունեցել՝ ամենայն հավանականությամբ, կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն ամիսներ շարունակ ոչ այնքան տրամաբանական մեղադրանքներ են հնչեցրել նոր իշխանության հասցեին, որ տեղի է ունենում վենդետա, դիկտատուրա է Հայաստանում եւ խայտառակ վիճակ է, ըստ իրենց: Այսինքն, իրենց մտահոգությունները, ենթադրում ենք, պետք է նաեւ հնչեցրած լինեն զեկուցողների հետ հանդիպումների ընթացքում: Իրենք լսել են այդ մտահոգությունները, ֆիքսել են իրենց մոտ, որ կան ինչ-որ մարդիկ, որ ունեն այս մտահոգություններ ու իրենց զեկույցում կոչ են արել ապահովել այն, ինչ մենք արդեն իսկ ապահովում ենք»:

Պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ զեկույցում մտահոգությունների մասին է խոսքը գնում, որ պետք է չափանիշները պահպանվեն, իսկ դրանք այնպիսի չափանիշներ են, որ այդ կոչերը լինեն-չլինեն, պետք է պահպանվեն: Ավելին` ասեմ, ԵԽ զեկուցողները լինեն կամ չլինեն, Դունյա Միյատովիչը լինի կամ չլինի, եթե մենք, որպես ընդդիմադիր խմբակցություն, տեսնենք, որ հաշվեհարդար կա ՀՀ-ում կամ քաղաքական հետապնդում, մենք առաջինը կբարձրաձայնենք: Համենայնդեպս, մենք այս առումով նման եզրահանգման չենք եկել: Եթե միջազգային փորձագետները արձագանքում են, միգուցե առանձին տեղեկությունների են տիրապետում, ուղղակի եւս մեկ անգամ իշխանություններին կոչ են անում, որ լինեն ուշադիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728