«Հայաստանի արտաքին քաղաքականությունը արմատական ռեստարտի շրջափուլում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ բանախոսի՝ սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում փոխվել է պետության և քաղաքականության իմաստը, իսկ նոր ներքին քաղաքականությունը իր հետ բերում է նաև նոր արտաքին քաղաքականություն և նոր արտաքին քաղաքական նպատակներ:
Պարոն Մեհրաբյանը այս իմաստով կարևորեց վարչապետի այցը Գերմանիա, նաև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Եվրոկոմիսար Յոհաննես Հանի Երևան կատարած այցի ժամանակ. «Այցի քաղաքական մասը կգնահատեմ շատ դրական և խոստումնալից, իսկ այցի տնտեսական մասով կարծում եմ ստեղծվել են լուրջ նախադրյալներ, որոնք սակայն արդեն պահանջում են կոնկրետություն: Ինչպես տեսանք որևէ կոնկրետ համաձայնագրեր, ներդրումային ծրագրեր առայժմ չկան, բայց ես կարծում եմ, որ այդ իմաստով մենք մեծ սպասելիքներ ունենք հատկապես գերմանացի գործարարների պատվիրակության այցից, որը պետք է տեղի ունենա առաջիկա ամիսներին»:
Պարոն Մեհրաբյանն ընդգծեց, որ սա նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջև նախևառաջ այն պարագայում, որ Գերմանիան աշխարհի առաջատարն է վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Բանախոսի խոսքով՝ 2018 թ.-ի պաշտոնական տվյալներով Գերմանիայում արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի 40 տոկոսը եղել է վերականգնվող աղբյուրներից, իսկ նման ցուցանիշ աշխարհի ոչ մի երկիր չունի: «Սա Գերմանիայում լուրջ բիզնես է, ունի շատ մեծ ռեսուրս և կարծում եմ այդ բիզնեսի համար ՀՀ-ում ևս շատ լավ պայմաններ կան»,-նշեց պարոն Մեհրաբյանը:
Ըստ փորձագետի՝ Գերմանիայի հետ լավ հարաբերությունները կօգնեն նաև Հայաստանում տրանսպորտի վերազինման հարցում, իսկ «Մերսեդես-Բենց» ընկերության հետ նախնական պայմանավորվածությունները իրականություն դարձնելու համար կան բոլոր հիմքերը, քանի որ տեխնիկան, որը Գերմանիայից գալիս է, բերում է իր հետ տեխնիկական ստանդարտներ, մշակույթ, որը չափազանց անհրաժեշտ է Հայաստանի արդիականացման համար: Պարոն Մեհրաբյանը նկատեց նաև, որ համագործակցության լավ դաշտ կա ճանապարհաշինարարության ոլորտում, որովհետև սրանով Գերմանիան հայտնի է բոլորին, իսկ մենք պետք է անցում կատարենք հենց այդ ստանդարտներին:
«Տեխնիկական մտքի մեր գլխավոր դարբնոցը կապեր է հաստատում Գերմանիայի համանման ուսումնական հաստատության հետ. սա լրջագույն ձեռքբերում է՝ միտված դեպի ապագան: Այն լուրջ հեռանկարներ կբացի հայկական և գերմանական բիզնեսների համագործակցության համար: Իհարկե, այս ամենի մասին մենք խոսում ենք ոչ թե ներկա ժամանակով, այլ ապառնի, բայց կարծում եմ, որ անելիքները դեռ առջևում են: Հետևապես մենք, անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին, կարող ենք խոսել լավ մեկնարկի մասին, և այդ մեկնարկին հետևող լրջագույն աշխատանքի մասին, որը դեռ պետք է արվի»,- հավելեց բանախոսը:
Aravot.am-ի հարցին, այն մասին, թե ինչպես կգնահատի Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում Արցախի հարցի շուրջ արված հայտարարություններն և Մերկելի՝ վարչապետի խիզախ քայլեր ձեռնարկելու որակումները, փորձագետը պատասխանեց՝ այն, որ Փաշինյանի քայլերը խիզախ են գնահատվում շատերին է դրել ինչ-որ անհարկի լարման մեջ:
«Այն, որ հայկական կողմը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է դրա մասին ասվել է բազմիցս, նույնիսկ նախկին իշխանությունների կողմից, ներկայիս իշխանության կողմից ևս: Խիզախություն ասվածը նրա մասին է, որ հայկական կողմը սկսել է իրերը կոչել իր անուններով: Այն, որ լիարժեք՝ եռակողմ ձևաչափը պետք է վերականգնվի ոչ թե հայկական կողմի կապրիզն է, այլ իրողությունների արձանագրումն է, իսկ հիմքում դրված է այդ քայլի պրակտիկ օգտակարությունը»,- ասաց պարոն Մեհրաբյանը:
Վերջինիս խոսքով՝ ի վերջո, կոնֆլիկտը արցախյան է, բանակցային գործընթացում որոշվում է Արցախի ճակատագիրը, և դա չի կարող տեղի ունենալ առանց Արցախի: Իսկ այդ աղճատված՝ երկկողմ ձևաչափը, ըստ պարոն Մեհրաբյանի, տանում է դեպի ոչ մի տեղ, դեպի սրացումների և կարող է բերել նրան, որ մենք բախվենք ևս մի նոր պատերազմի:
«Այս ինտենսիվ բանակցությունները շատերը հեգնաբար որակում են վերելակային հանդիպումներ, բայց, այո՛, այդ վերելակային հանդիպումները բերեցին նրան, որ 4 ամիս է՝ սահմանին զինվոր չի զոհվում, իսկ մինչ այդ զոհվում էր ամենօրյա կամ ամենշաբաթյա ռեժիմով: Այս զինադադարի տևական, կոշտ, երկկողմ պահպանումը բերում է նրան, որ վաղվա պայմանական առաջին կրակոցի գինը լինելու է շատ բարձր, որովհետև այդ կրակոցն արձակողը պատասխան է տալու»,- իր խոսքում նշեց բանախոսը:
Պարոն Մեհրաբյանի գնահատմամբ՝ պաշտոնական Երևանը ներկայումս հանդես է գալիս մի քանի անգամ ավելի ուժեղ դիրքերից, քան նախորդ բոլոր իշխանությունները. «սա ուղղակի փաստ է, որի հետ հնարավոր չէ ուղղակի հաշվի չնստել»:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ