Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան. «Բոլոր համայնքները մասսայական պետք է անցնեն վերականգնվող էներգետիկայի»

Փետրվար 06,2019 17:52

Այսօր կառավարության նիստին Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ Չոբանյանը: Նիստից հետո Հայկ Չոբանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մարզում նախատեսվող իր ծրագրերին եւ անելիքներին, ասաց. «Մեր խնդիրն է՝ Տավուշի մարզում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները ռեալիզացնի՝ իր ընտանիքի, համայնքի, հայրենիքի բարեկեցության համար: Առաջին հերթին մեր գործընկերը տեղի գործարարն է եւ ձեռներեցը»:

Նորանշանակ մարզպետը վստահեցրեց՝ ակտիվ աշխատելու են ոչ միայն տեղական եւ մեր հայրենակից ներդրողների ներդրումների խթանման համար, այլեւ՝ օտարերկրյա եւ օտարազգի ներդրողների. «Տավուշի մարզն այս ուղղությամբ բավականին մեծ հնարավորություն ունի»:

Մարզպետը նկատեց՝ մարզում սահմանամերձ համայնքներում կան հարկային լուրջ արտոնություններ. «Ես կարծում եմ, որ դա առ այսօր իրապես ռեալիզացված չէ: Կան հաջողված օրինակներ, որոնք շատ քիչ են, որոնց մասին շատերը տեղյակ չեն, եւ դրանց վրա շեշտադրումներ դնելով պետք է խթանենք տնտեսական էական ակտիվություն, ոչ թե 10-20 տոկոս աճով, այլ կրկնակի, եռակի աճով»:

Մարզպետարանների օպտիմալացման մասին Չոբանյանն ասաց, որ չի ուզում առանձնացնել հենց մարզպետարանները. «Այսօր Հայաստանում ունենք պետական կառավարման համակարգի արդյունավետացման մեծ խնդիր: Խոսքը արմատական փոփոխությունների մասին է»:

Մարզպետարանում ուռճացված հաստիքների մասին էլ Չոբանյանն ասաց, որ այդ երեւույթին չի անդրադառնում ուռճացվածության կամ կրճատման տեսանկյունից, այլ՝ յուրաքանչյուր համայնքային ծառայողի աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից է դիտարկում:

Մանրամասն՝ տեսանյութում

Ներդրումների համար արդյոք խոչընդոտ է մարզի որոշ համայնքների սահմանամերձ լինելը. Այս հարցին ի պատասխան, Չոբանյանն ասաց, որ այդ համայնքներում կան հարկային արտոնություններ, եւ դա արդեն առավելություն է. «Սահմանամերձ գյուղերն ունեն մեկ այլ առավելություն՝ բանակը, որը եւս պետք է դիտարկենք որպես առավելություն, որովհետեւ բանակը պետական խոշոր սպառող է եւ մենք պետք է այնպես անենք, որ համայնքները առավելագույն մասնակցություն ունենան բանակի սպասարկման կամ պահպանման աշխատանքներին: Սահմանամերձ բնակավայրերը մշակութային լուրջ առավելություններ ապահովող միջավայր են»:

Չոբանյանը նաեւ նկատեց՝ ոչ միայն սահմանամերձ համայնքներում, այլեւս ամբողջ Հայաստանում ոչ մի թիզ հող եւ ոչ մի տարածք չպետք է դատարկ մնա. «Այս առումով պետական եւ նույնիսկ մասնավոր գույքը հաշվառելով պետք է այնպես անել, որ դրանք դրվեն արտադրական «ռելսերի» վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Չոբանյանը նաեւ իր աշխատանքային գործունեությանն անդրադարձավ, նշելով, որ այն ոլորտներում է աշխատել, որոնք ռազմավարական ուղղություններում դեռեւս սաղմնային փուլում են եղել՝ ՏՏ ոլորտը, վերականգնվող էներգետիկայի եւ այլն:

Չոբանյանն ասաց՝ արեւային էներգետիկայի կիրառման առումով որեւէ սահմանափակում չկա. «Բոլոր համայնքները մասսայական պետք է անցնեն վերականգնվող էներգետիկայի, դրանով հզորացնելով եւ համայնքը, եւ ընտանիքը եւ պետությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քանի որ մարզպետը ծնունդով Բերդի տարածաշրջանից է, արդյոք միտք կա՞ մարզկենտրոնը տեղափոխել, Չոբանյանը բացասական պատասխան տվեց: Վստահեցրեց՝ Իջեւանը լավագույն տեղն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728