Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր ուղեղներում հակամարտությունն առևտրի առարկա է. Մարկ Գրիգորյան

Փետրվար 06,2019 17:43

«Եզրակացությունը վիճահարույց է. մեր փորձագետները կարծում են հակամարտող հանրություններում խաղաղությունը չի ընկալվում որպես նպատակ, ավելի շատ ընկալվում է որպես միջոց»,- «Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով քննարկմանը հայտարարեց Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, զեկույցի համահեղինակ Գեղամ Բաղդասարյանը:

Նշենք՝ International alert միջազգային կազմակերպության փորձագետները զեկույց են հրապարակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ որակելով, որ հակամարտությունը նախկին ԽՍՀՄ տարածքում մնում է առավել վտանգավոր եւ անկանխատեսելի հակամարտություններից մեկը։

Գեղամ Բաղդասարյանը տեղեկացրեց՝ ծրագիրը սկսվել է երկու տարի առաջ: Այն յուրօրինակ է այն առումով, որ ուսումնասիրություններն իրականացրել է փորձագիտական խումբը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի փորձագետներից կազմված, նաև Վրաստանի և Աբխազիայի գործընկերները: Անցկացվել է որակական հետազոտություն հակամարտող երեք հանրություններում. «Փորձել ենք ուսումնասիրել մարդկանց տրամադրությունները, հավաքել ենք հարուստ նյութ ու վերլուծել ենք: Հիմա քննարկումների փուլն է: Վերջում հանդես ենք գալու հայտարարությամբ այս ամենի մասին՝ ամփոփ փաստաթղթով:

Իսկ թե ինչ են նկատել փորձագետները, Գեղամ Բաղդասարյանն ասաց. «Բավականին ավելացել է քննադատական մտածողությունը հակամարտող հանրություների մոտ: Մեր փորձագետներն ազատ խոսում են այն մասին, որ դասագրքերում հայատյացության այն աստիճանը որ կա, խանգարում է ամեն ինչին՝ ընդհանրապես երկրի ընդհանուր զարգացմանն ու իմիջին: Կա խաղաղության գնահատում: Իմ կարծիքով՝ խաղաղությունը միջոց է ստեղծագործելու, արարելու, սեփական հողում բարեկեցիկ, արժանապատիվ ապրելու համար: Բայց եթե խաղաղությունը միջոց է նախապատրաստվելու հաջորդ պատերազմին, այս խոսակցության թեման միանգամայն այլ է»:

Լրագրող Մարկ Գրիգորյանը խոսեց հետազոտության արդյունքների մասին. «Պարզվում է՝ հակամարտությունը՝ որպես այդպիսին, դառնում է արժեք, որից մենք չենք կարողանում հրաժարվել, որը մենք՝ բոլորս, երեք հանրություններով, պահում ու գնահատում ենք: Արդեն մեծացել է մի ամբողջ սերունդ, որը հավատում է՝ ահա, այ սա է իսկական և ճիշտ ու նորմալ կյանքը՝ հակամարտության մեջ: Եվ վերաբերմունքը դեպի հակամարտություն տարբերվում է՝ ըստ սերունդների բոլոր հասարակություններում: Իմ սերունդն ավելի այլ կերպ է տեսնում հակամարտությունը, քանի որ մենք տեսել ենք ժամանակ, երբ հակամարտություն չի եղել»:

Ըստ Մարկ Գրիգորյանի՝ մեր ուղեղներում հակամարտությունն առևտրի առարկա է՝ ինչքանով պետք է վաճառեմ հակամարտությունը և ինչ կստանամ, եթե հրաժարվեմ հակամարտությունից: Ըստ վերլուծության՝ շատերը պատերազմը տեսնում են որպես հանգուցալուծող երևույթ, որը կարող է լուծել բոլոր հարցերը:

Ամփոփելով Մարկ Գրիգորյանը նկատեց՝ հիմա մեր հասարակության մեջ քննարկվում է մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանը հողերը կտա՞, թե՞ չի տա, որը նույնպես առևտրի առարկա է:

Editor-in-chief of ‘Analyticon’ magazine of Artsakh Republic Gegham Baghdasaryan, journalist Mark Grigorian, Maria Karapetyan and international expert Gyulnara Shahinyan are guests at the Media Center

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինք խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանի կարծիքով՝ հակամարտության լուծման շուրջ առաջարկված՝ իր կարծիքով կառավարող նոր ուժի նոր թեզը հակամարտության լուծման գործընթացի ժողովրդավարացումն է, որը համահունչ է զեկույցի տրամաբանությանը. «Դա ենթադրում է որոշակի մենաշնորհի կոտրում՝ ով, որտեղ, երբ կարող է խոսել հակամարտության մասին: Հասարակությանը խաղաղության պատրաստելու՝ ոչ նոր կոմպոնենտը գուցե նոր իմաստ կարող է ձեռք բերել այն տեսանկյունից, որը ենթադրում է այն, որ բացի նրանից, որ հասարակությանը խաղաղության պատրաստելու նախապայմաններ կան՝ սահմանագծում չկրակելը, դրանից այն կողմ ենթադրվում է հասարակության ներսում ոչ միայն քարոզչության միջոցով փոփոխություններ անելը, այլ փոխել հասարակության նկատմամբ կառավարող ուժերի վարած քաղաքականությունը, փորձել վերացնել ատելության խոսքը և ռազմական հռետորաբանությունը»:

Միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը նշեց. «Մենք տեսանք որակական փոփոխություն: Սա շատ լավ գործիք է մեր ապագա աշխատանքի համար, լավ հիմք է նաև նրանց համար, որոնք որոշում են կայացնելու: Եթե որոշում կայացնելիս էլի հաշվի չառնենք բազմազանությունը կարծիքների, եթե հաշվի չառնենք՝ ինչ են ուզում Արցախում, փախստականները, կանայք, այդ պայմանագիրը կարող է դառնալ նոր կոնֆլիկտի հիմք: Շատ կարևոր է, որ ունենք այսպիսի խորը ուսումնասիրություն, կուզեի այս դիսկուրսը շարունակվեր մեր հասարակություններում: Այդ մարդկանց կյանքերը, որ ամբողջ օրը ապրում են պատերազմի և հանգիստ կյանքի մեջ, իրենց խնդիրները բացարձակ չեն դրվում սեղանի վրա, բայց երբ ուսումնասիրում էինք իրենց մոտեցումները խաղաղության նկատմամբ, իրենք շատ ավելի զգոն ու բաց են դեպի խաղաղությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728