Փետրվարի 6-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց 2018թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հոգաբարձուների խորհրդի կողմից բուհի ռեկտորի պաշտոնում Վարդան Ուռուտյանի միաձայն ընտրության արդյունքները։ Ըստ այդմ, Վարդան Ուռուտյանը հաստատվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում: Որոշման նախագիծն էլ ներկայացրել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Ի դեպ, պարոն Ուռուտյանը մասնագիտությամբ տնտեսական գիտությունների թեկնածու է, դոցենտ, մինչդեռ նախկինում բուհի ռեկտորի պաշտոնին կարող էր հավակնել միայն գիտությունների դոկտոր, պրոֆեսորը:
Aravot.am-ը բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանից հետաքրքրվեց` արդյոք փոփոխությո՞ւն է կատարվել ՀԱԱՀ կանոնակարգում ռեկտորի ընտրության վերաբերյալ:
Պարոն Ավետիսյանը հաստատեց, որ կանոնադրությունը փոխվել է ամռանը, երբ Վարդան Ուռուտյանը նշանակվել էր պաշտոնակատար. «Հոգաբարձուների խորհուրդն է փոխել կանոնադրությունը, խորհրդի կազմը եւս փոխվել է»:
Ավելի վաղ ԿԳ նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանն էլ էր Aravot.am-ին պարզաբանել, որ ռեկտորն ավելի շատ դիտվում է որպես մենեջեր, դրա համար էլ վերանայվել են ռեկտորին ներկայացվող պահանջները եւ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարվել:
Սա առաջին դեպքը չէ, 8 տարի առաջ կանոնադրություն է փոխվել նաեւ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, ինչի արդյունքում 2011-ին առանց համապատասխան գիտական աստիճանի ռեկտոր էր ընտրվել լուսահոգի Արմեն Մազմանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդան Ուռուտյանի լուսանկարը` Ագրարային համալսարանի կայքից: