Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Գիտահետազոտական կենտրոնները ըստ վարկանիշավորման կֆինանսավորվեն»

Փետրվար 06,2019 17:04

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում ԵՊՀ գիտաշխատողները: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կառավարությունը որոշեց, որ հիմնադրամների բազային ֆինանսավորումը պետք է փոփոխվի, ինչի արդյունքում ԵՊՀ-ից 450 աշխատակից ֆինանսավորում չեն ստանալու: Գիտաշխատողները դժգոհում էին, որ այսուհետ ֆինանսավորում են ստանալու մրցույթային կարգով, սակայն թե ինչ ընթացակարգով ու չափանիշներով է լինելու մրցույթն, այդ մասին որեւէ որոշում չկա:

Այսօր կառավարության նիստին որոշում կայացվեց եւս մեկ տարի բազային ֆինանսավորում տրամադրել:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ այս խնդրին, նշելով՝ ամբողջ 2019 թվականին այդ ֆինանսավորումը կտրամադրվի. «Երեւի հենց այսօր շրջանառության մեջ ենք դնելու կրթության եւ գիտության նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու են ինստիտուտները, գիտահետազոտական կենտրոնների արած աշխատանքը, արդյունքները, նրանց պոտենցիալը եւ արդեն ըստ այդ վարկանիշավորման մենք կառաջարկենք, որպեսզի 2020-ից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ 2018-ի տարեվերջին ֆինանսավորման դադարեցման մասին որոշում կայացվեց, իսկ այսօր «մեղայական» մեկ այլ որոշում բերվեց կառավարություն, որպեսզի ֆինանսավորումը երկարացվի, արդյոք գիտնականների բողոքի ցույցն էր պատճառը, Հարությունյանը պատասխանեց. «Կռիվ-կռիվ չէ, որ մեղայականով-չմեղայականով: Քննարկումներ կային, հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք՝ ինչո՞ւ եք մեղա գալիս…ըստ նպատակահարմարության ընդունվեց այս որոշումը, փոխադարձ որոշում է»:

Հարությունյանի համար այս դժգոհությունները զարմանալի են, որովհետեւ, ինչպես նախարարն ասաց, նախատեսվող մրցույթին մասնակցող գիտահետազոտական կենտրոնների մեծ մասը հաղթելու էր. «Բայց մենք ուզում ենք այս մրցույթներով մրցակցային դաշտ ստեղծել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Թե ինչպես են գնահատելու գիտահետազոտական կենտրոնների աշխատանքն ու ի՞նչ չափորոշիչներ են կիրառվելու, Հարությունյանը նշեց՝ վերջին տարիներին նրանց ցույց տված արդյունքները, վերջին տարիների ֆինանսավորում-արդյունք հարաբերակցությունը, նրանց գիտական պոտենցիալը, որքան գիտնականներ են ներգրավված եւ ինչ արդյունավետությամբ են աշխատում եւ այլն.«Ես հիմա երբ հրամանը դնեմ շրջանառության մեջ, կլսենք դիտողությունները եւ ամառվա ընթացքում կավարտենք»:

Նախարարը վստահեցրեց՝ գիտական կենտրոնների գնահատման հստակ չափանիշներ են դրվելու

Հարությունյանի վստահեցմամբ՝ գիտության չափման արդյունավետությունը երբ բարձրացնեն՝ կտեսնենք, որ դա ուղիղ եւ դրական ազդեցություն կունենա գիտական ոլորտի վրա:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայերը յոյս ունեն, որ հումանիտար կրթութեամբ (արեւելագէտ) նախարարը [բնա]գիտութիւն է զարգացնելու: Ինչպէս ասում են՝ «իշտահներիդ քացախ»: Էս մարդը իրեն վստահուած ոլորտը չի պատկերացնում: Ինչպէս նշել եմ յօդուածներիցս մէկում՝ նրա «բարեփոխումների» առաւելագոյն կարողութիւնը մանկապարտէզի ու դպրոցի տնօրէնների վրայ ֆեյսբուքով բարկանալն է:

    Փաշինեանն էլ յոյս ունի, որ առանց բնագիտութեան եւ միայն SS ոլորտ զարգացնելով, տնտեսական յեղափոխութիւն է անելու: Իսկ վերջերս Թուիթերում, երբ այդ մասին պատասխանեցի Փաշինեանի թուիթին, թուիթը ջնջուեց 🙂 🙂

    Հիմա, ինչպէս ասում են, թողում ենք, որ աշխատէք: 5 տարի անց կը տեսնէք, որ արտագաղթը՝ այդ թւում՝ ուղեղների արտահոսքը, չի դադարել եւ գիտութիւնից Գ տառն է մնացել:

    Ամէն դէպքում, ձեզ բոլորիդ յաջողութիւն եմ մաղթում ու թող ես սխալ լինեմ 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728