Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճախ տպա­վորություն է ստեղծվում, թե տարեցները ավելորդ բեռ են հասարակության հա­­մար և որ նրանց փորձը, գիտելիքները, իմաստությունը հնացած են

Փետրվար 06,2019 16:48

«Նախնիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը,

անբարոյականության առաջին նշանն է» Ա.Ս. Պուշկին

Թվում էր, թե այսպես կոչված բռնապետական համակարգի փլուզումից հետո հիանալի հնարավորություններ կբացվեն ազգային մշակույթի ու ազգային լեզվի, կրթության, գիտության և տնտեսության զարգացման, ազգային նկարագիր ունեցող սո­վո­րույթային-բարոյական բարձր արժեքների վերածննդի համար, դժբախտաբար սակայն, դարերով մեր երազած անկախ Հայաստանում դա տեղի չունեցավ:

Ավելին, հետխորհրդային Հայաստանում արժեհամակարգի արմատական փոփոխու­թյուն­նե­րը, կամ ավելի ճշգրիտ դրանց խեղաթյուրումը, տեղեկատվական միջավայրի հետևո­ղական զարգացումը, կրթության ոլորտում իրականացվող «Բարեփո­խում­ները» բերե­ցին հասարակության բարոյական անկման՝ սոցիալական հիերարխիայի փլուզման և կա­մաց-կամաց սկսում են պակասել ավագ (տարեց) սերնդի նկատմամբ ձևա­վոր­ված սովորույթային-մշակութային պաշտամունքը, որը հակասում է ոչ միայն մեր նախ­նի­ների վարքագծի լավագույն սովորույթային նորմերին, այլ աստծո պատվիրան­ներին և համամարդկային արժեքներին՝ ընդհանրապես:

Եվ պատահական չէ, որ համա­ձայն աստվածաշնչի, տարեցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը մեղք է համարվում: Դարերի ընթացքում հասարակության, ընտանիքի սովորույ­թա­յին-կենցաղային մշակույթում ձևավորվել էին մարդկային փոխհարաբերությունների այնպիսի չգրված բարոյական նորմեր, որոնք հաջողությամբ կարգավորում էին փոխ­հարաբերությունները հասարակու­թյու­նում, ընտանիքում և տարբեր սեռային ու տարիքային խմբերի միջև: Մարդու դաստիարակ­վա­ծու­թյան աստիճանը հասարա­կու­թյան մեջ առաջին հերթին գնահատվում էր տարեցների, կանանց և մանկա­վարժ­ների նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Ներկայումս էլ, նրանք ովքեր պահպա­նում են այդ բարի ավանդույթները, շրջապատի համար դառնում են հարգված, հաճելի և սիրելի:

Տարբեր ազգերի և ժողովուրդների մշակույթներ տարբեր կերպ են մեծարում իրենց տարեցներին: Օրինակ` մուսուլմանական երկրներում յուրահատուկ պաշտամունք են ցուցաբերում տարեցների նկատմամբ և հասարակության կողմից ամենահարգված տարիքը հանդիսանում է «ակսակալի» կարգավիճակը: Հարգանքը և սերը ծնողների և տարեցների նկատմամբ մուսուլմանական աշխարհում հանդիսանում է էթիկայի կարևորագույն նորմերից մեկը: Սեղանի շուրջ ամենապատվավոր տեղը, մսի ամենալավ կտորը տարեցների համար է: Կենացներ ասելիս առաջինը խմում են նրանց առողջության համար և այլն: Իրենց կողմից մեծերը նույնպես պարտավոր են երիտասարդների նկատմամբ լինել առավելագույն չափով պարկեշտ, ուշադիր և չչարաշահել մեծի իրենց լիազորությունները: Իսկ ավան­դա­կան Չինաստանում կոնֆուցիոսական օրենքներով ավագների նկատմամբ ցուցաբե­րում են բարձր աստիճանի հարգանք և անվերապահորեն ենթարկվում են նրանց: Չնա­յած նրան, որ ժամանակները փոխվում են, այնուամենայնիվ նմանատիպ սովո­րույթ­ները գերիշխում են նաև Ճապոնիայում, Կորեայում, Իսպանիայում, լատինա­մերիկյան երկրներում և մի շարք ցեղերի մոտ:Հատկանշական է, որ այս երկրներում գրեթե չկան ծերանոցներ:

Ավագների «աքսակալի» ինստիտուտը կարևոր դերակ­ա­տա­­րություն ունի ինչպես պետության կառավարման և հասարակական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ երիտասարդների դաստիարակության, երկրում և ընտանիքներում խա­ղա­ղության ու համերաշխության պահպանման գործում: Մենք՝ հայերս, նույնպես ունեցել ենք լավագույն ավանդույթներ, երբ առանց ընտանիքի մեծի սեղան չէին նստում, նրանց ներկայությամբ ընդունված չէր բարձր խոսել, ծխել, գռեհիկ արտա­հայ­տու­թյուններ թուլ տալ, ընդհատել նրանց խոսելու ընթացքում և այլն:

Մինչդեռ մեր ժամանակներում քիչ չեն դեպքերը, երբ ավագ սերնդի ներկայացու­ցիչ­ները, տարեց մարդիկ չեն արժանանում պետության ու հասարակության զգալի մասի պատշաճ վերաբերմունքին ու հոգածությանը: Դեռ ավելին, հաճախ տպա­վորություն է ստեղծվում, թե տարեցները ավելորդ բեռ են հասարակության հա­­մար և որ նրանց փորձը, գիտելիքները, իմաստությունը հնացած են և այլևս պետք չեն ոչ մեկին: Արդյունքում նրանք ապրում են այլևս պիտանի չլինելու զգացում և իրենց հուսահատված, վիրավորված և օտարացված են զգում սեփական երկրից ու հասարակությունից, չնայած նրան, որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով նշել է, որ տարեց մարդիկ մեր երկրում երբևէ չեն ունենալու անպետքության զգացում:

Այդ կապակցությամբ Բոնապարտ Նապոլեոնը նշել է. «Չպետք է թույլ տալ մարդկանց ծեր զգալ՝ դրանում է կայանում կառավարման մեծ արվեստը»: Քրիստոնեական աշխարհում այսպիսի սկզբունք կա՝ ուրիշների հետ վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վերաբերվեին: Տարեցներին պետք է հարգալից վերաբերվել ոչ միայն նրա համար, որ նրանք մեծ են, այլ այն բանի համար, որ նրանք են մեզ ծնել ու սնել, նրանք են կառուցել ու մեզ փոխանցել արյան ու դժվարությունների գնով պահպանված այսօրվա մեր հայրենիքը: Նրանց պարտավոր ենք հարգել իրենց վաստակի, իմաստության, անքուն գիշերների ու մեր նկատմամբ տածած անսահման սիրո ու նվիրվածության համար:

Եկեք անենք այնպես, որ տարիներ անց մեր անուշադրության համար չունենանք մեղավորության դաժան զգացում:

Գիտնական­ները հետազոտու­թյունների արդյունքում առանձնացրել են մի շարք որակներ, որոնք առավե­լություն են և հատուկ են միայն ավագ սերնդին՝ նրանք ավելի հավասա­րա­կշռված են, ավելի հեռատես են, երևույթներին և իրադարձություններին վերաբերվում են ավելի բարձր պատաս­խանատվությամբ, ավելի զգուշավոր են, ավելի իրատես են, ավելի ճկուն են, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար և հետևաբար ավելի հասուն են և իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում սթրեսներին և բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ և համարժեք: Ըստ էության, մարդը իր գիտելիքների պաշարի շատ փոքր մասն է միայն ձեռք բերում կրթության միջոցով, մնացածը ձեռք է բերում աշխատանքի ընթացքում և դառնում է իմաստուն փորձու­թյունների հաղթահարման արդյունքում:

Ելիզավետա առաջինը գտնում էր, որ. «Երիտասարդ աչքերը սուր են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»: Իսկ Ժան Ժակ Ռուսսոն այն կարծիքին էր, որ «Երիտասարդությունը իմաստության և փորձի կուտակ­ման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»: Եվ պատահական չէ, որ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներում տարեցներն ակտիվորեն ներ­գրավված են իրենց երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում և մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում: Նրանց փորձն ու գիտելիքները անշուշտ պետք է օգտագործել մեր երկրի զարգացման համար:

Բազմաթիվ են օրինակները, երբ 75-80 անց մարդիկ արդյունավետ ձևով զբաղվում են գործարարությամբ, ստեղծագործում են, ղեկավարում են մշակութային, կրթական և գիտական հաստատություններ: Բավական է նշել, որ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի 40-րդ նախագահ է ընտրվել 70 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 78 տարեկանը, Շարլ դե Գոլը որպես Ֆրանսիայի նախագահ պաշտոնավարել է մինչև 80 տարեկանը, իսկ Ժակ Շիրակը երկրորդ ժամկետում նախագահ է ընտրվել 70 տարեկան հասակում և պաշտոնա­վա­րել է մինչև 77 տարեկանը: Կիպրոսի նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը պաշտոնա­վա­րել է մինչև 83 տարեկանը, իսկ Իտալիայի նախագահ Կառլո Ազելոն՝ մինչև 82 տարեկանը: Շեմոն Պերեսը Իսրայելի նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ 84 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 2014 թվականը՝ 91 տարեկանը, այնուհետև ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքներով, ապրելով 93 տարի: Երբ մարդիկ նրան հարցնում են, թե ինչպես ակտիվ մնալ, նա պատասխանել է. «Դա շատ հեշտ է, հաշվեք ձեր նվաճումներն ու երազանքները մտքում: Եթե ձեր երազանքներն ավելի շատ են, քան նվաճումները, ուրեմն դուք երիտասարդ եք»: Նրանք բոլորն էլ ի դեպ համարվում են լավագույն նախագահներից մեկը իրենց երկրներում: ԱՄՆ ներկայիս նախագահը՝ Դոնալդ Թրամփը նույնպես երիտա­սարդ չէ՝ 73 տարեկան է: Պատ­գա­մա­վորների միջին տարիքը կազմում են Անգլիայում՝ 50.6, Բելառու­ս­ում­՝ 53, Իտալիա­յում՝ 52.2, Ռուսաստանում՝ 54, ԱՄՆ-ի կոնգրեսում՝ 57, իսկ սենատում՝ 61 տարեկան, Չինաստա­նում՝ 55.9, (ի դեպ շուրջ 2000 պատգա­մավորներից 105-ը Չինաստանի գիտություն­ների ազգա­յին ակադեմիայի անդամներ են): ԱՄՆ-ի կոնգրեսի ամենատարեց պատգամավորը՝ Ռոբերտ Բյորդը 92 տարեկան է: Իսլանդացի ճանաչված գրող Բերնարդ Շոուն գրել է. «Աշխարհը անշուշտ պետք է կառավարեն երիտասարդները, սակայն մեծանալուց հետո միայն»:

Այս վերլուծությունները բերում ենք հիմնավորելու համար, որ 63 տարեկան թոշակառուն ամենևին էլ մեծ չէ, տիրապետում է գիտելիքների, փորձի և էներգիայի մեծ պաշարի և բոլորովին արդա­րաց­ված չէ նրանց չներգրավելը հասարակական, քաղաքական, մշակութային և կր­թա­կան կյանքում: Դա կարևոր է նաև նրանով, որ այսօր թոշակառուները Հայաստանում ստանում են խղճուկ թոշակ, որով հնարավոր չէ ապահովել անգամ ամենաառաջին անհրաժեշտության ծախսերը, իսկ երջանիկ ու արժանապատիվ ծերության մասին խոսք լինել ընդհանրապես չի կարող:

Սա ամենևին չի նշանակում, թե որևէ պարագայում կարելի է թերագնահատել երիտասարդների հնարավորու­թյուն­ները: Երիտասարդությունն աչքի է ընկնում առավել ակտիվությամբ, խիզախու­թյամբ, նախաձեռնո­ղակա­նությամբ, նորի և առաջադիմականի արագ ընկալմամբ, իսկ ավագ սերնդի մոտ գերակշռում է փորձառությունը, հավասարակշռվածու­թյու­նը, իմաստությունը, գոր­ծի­մա­ցու­­թյունը և պատասխանատվությունը: Ավելի արդյու­նա­վետ կարող է լինել այդ երկուսի օպտիմալ զուգակցումը: Սերնդափոխությունն անշուշտ օբյեկ­տիվ անհրաժեշտություն է, սակայն այն պետք է իրականացնել առանց ցնցում­ների, աստիճա­նա­բար և հավասարակշռված: Կարևոր է, որ տարեցներն էլ իրենց հերթին թերահավատորեն չվերաբերվեն, վստահեն երիտասարդներին, վերևից չնայեն նրանց և ամենայն հոգա­ծու­թյամբ ու ջերմությամբ շրջապատեն նրանց, որպես մեր ապագայի ու տեսակը շարունակողի՝ նրանց հաղորդելով իրենց փորձն ու գիտելիքները:

Փիլիսոփաներից մեկն ասել է, որ. «Իսկական մեծերը նրանք են, ովքեր հեռանալով ասպարեզից, լուսավորում են երիտասարդների ճանապարհը»: Կայուն պետություն և առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ սոցիա­լական, ազգային, սեռային ու տարիքային բոլոր խմբերի միջև լինի ներդաշնակություն և համե­րաշ­խու­թյուն: Բարձրացված խնդիրն անշուշտ միայն հայաստանյան չէ, այն գոյություն ունի շատ երկրներում, որի արմատները Հայաստանում ինչպես սոցիալական են, այնպես էլ պայմանավորված են անցումային երևույթներով: Իսկ ստեղծված իրավիճակի պատաս­խանատուն ենք բոլորս առանց բացա­ռու­թյան և առաջին հերթին, հենց ավագ սերնդի ներկայացուցիչները, քանի որ ժողովրդական ասացվածքը փաստում է. «Եթե ընտա­նիքում ամեն ինչ կարգին է, ապա դա ընտանիքի մեծերի շնորհքն է, իսկ եթե ինչ-որ բան այն չէ, դրա մեղավորը նույնպես մեծերն են» և ավագ (տարեց) լինելը միայն արտոնյալ կարգավիճակ չէ, այն առաջին հերթին ենթադրում է բարոյական մեծ պատասխանատվություն երիտասարդների, ընտանիքների և հասարակության ու պետության առջև: Մենք պետք է լավ իմանանք, որ առանց օրինապաշտ, ավանդապաշտ և բարոյական բարձր արժեքներ կրող հասարակություն ունենալու պարզապես չենք կարող լավ երկիր կառուցել: Մեր համար պետականությունը և ազգային արժանապատվությունը պետք է լինի գերագույն արժեք: Եվ կարծում եմ, որ մեր անհաջողությունների հիմնական պատճառը հենց դրանով է պայմանավորված: Մենք ոչ միայն ինչպես հարկն է ուշադիր և հոգատար չենք տարեցների, այլ նաև մեր մեծերի ու անհատականությունների նկատմամբ, քանզի նրանք են Հայաստանը ներկայացնում աշխարհին: Մենք արժեհամակարգի և բարոյականության հետ կապված խնդիր ունենք՝ սկսած Խորենացու ժամանակներից, ինչը ըստ Ջորջ Բայրոնի, ձեռք բերովի են և հետևանք են օտար նվաճողների կեղեքման:

Մենք պետք է լուրջ հետևություն անենք, թե ինչու անգամ օտարների կարծիքով, լինելով տաղանդավոր, աշխատասեր, խիզախ և մարտնչող ազգ, 2000 տարի անընդհատ կորցնում ենք և այսօր համարվում ենք աղքատ ու հետամնաց երկրներից մեկը: Այս ուղղությամբ պետք է ձեռնարկել անհետաձգելի քայլեր:Կարծում եմ ամեն ինչ պետք է սկսել դպրոցից, նույնիսկ մանկապարտեզից: Պարբերաբար պետք է կազմակերպել հասարակության շրջանում հեղինակություն վայելող մտավորականների՝ քաղաքական, մշակույթի, գիտության անվանի գործիչների հանդիպումներ ուսանողների և աշակերտների հետ և ըստ ամենայնի բարձրացնել ուսուցիչների և դասախոսների հեղինակությունը և պատասխանատվությունը երեխաների ու ուսանողների դաստիարակության ու կրթման, ինչպես նաև նոր արժեհամակարգի ձևավորման և ազգային սովորույթների ու արժեքների փոխանցման ու պահպանման գործում:

Գտնում եմ նպատակահարմար՝ դպրոցների բարձր դասարաններում մտցնել «Արժեհամակարգ» առարկա, որի դասավանդման ընթացքում կարելի է անդրադառնալ մեր ազգային ավանդույթներին, հայկական մշակույթին, կրոնին, էթիկայի կանոններին, հայ ժողովրդի հերոսական դրվագներին, հերոսների ու հայ մեծերի կյանքին ու գործունեությանը, պետության և պետականության, որպես գերագույն արժեքի դերին, պատմության ընթացքում մեր թուլ տված սխալներին, մեր ազգային հավաքական կերպարին, դրանցում առկա թերություններին և այլն: Սա կարծում եմ մեզ համար ազգային անվտանգության լուրջ խնդիր է, և կնպաստի արժանապատիվ քաղաքացու դաստիարակմանը:

Եկատերինա երկրորդը՝ Մեծ-ը, դեռևս 18-րդ դարում գրել է «Պետությունները, որտեղ չեն ցուցաբերում պաշտամունք թագավորների, տա­րեց­­ների, հայրերի և մայ­րե­րի նկատմամբ, մոտ են կործանման»:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տատինցյան Ժանո Հայկի 74տ ՏԳԹ, says:

    Կառավարության գիտության մասին նիստի դիտումը ստիպեց գրել հետևյալ առաջարկությունները։ Նախ նշեմ , որ ՀՀ֊ը եղել է բարձր զարգացած քիմիական, մեքենաշինական, էլեկտոնային արդյունաբերական երկիր, բայց վերջին 25 տարիներում ոչընչացվել են >50 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ և գործարաններ, առանց այդպիսինների վերականգնումը առաջընթաց հնարավոր չէ։
    1.Էլեկտրոմոբիլների շարժիչների արտադրության կազմակերպում “ Հայէլեկտրո” գործարանում
    2. Հին մեքենաների վերակենդանացում ու վերածում էլեկտրոմոբիլի
    3. Էլեկտրոմոբիլի արտադրության կազմակերպումը կնպաստի ներմուծվող վառելիքի նվազմանը
    4.Անմշակ և չօգտագործվող հողերի հաշվառում և վերաբաշխում
    5.Ռեսուրսների( ջուր,գազ,հոսանք,հող,քար,անտառ) օգտագործման հաշվառում
    6.Տրանսպորտի հոսքերի ուսումնասիրություն, օպտիմալացում, էլեկտրատրանսպորտի զարգացում , գազելների վերացում , տաքսի֊սերվիսների համակարգում
    7. Հին անտեր մնացած և կիսակենդան գործարանների հնարավոր նորացում , օրինակ֊ լամպերի գործարանում ժամանակակից խնայող լամպերի արտադրություն
    8.Հանքարդյունաբերության էֆֆեկտիվության ստուգում և հսկում ֊ հումքի ամբողջական և վերջնական արտադրանքի մշակում֊ կաբելի , մարտկոցների արտադրություն
    9.Ուսուցման, գրագիտության և ուսուցիչների որակի համատարած բարձրացում
    10 Գյուղատնտեսությում բնական աղետների դեմ պայքարի որակի բարձրացում,
    11. Գյուղմթերքի արդյունաբերական մշակում, չրերի արտահանումը զարգացնել
    12.Մշակույթի նախարարությունում֊ լեզվի և արվեստի ձևերի որակի մաքրության համաար պայքար,
    13.Աղբահանության համակարգի կտրականապես փոփոխություն և արդիականացում, աղբի նախնական մշակում(մետաղի, թղթի, ապակու,պլաստիկի առանձին արկղներ),շրջակա միջավայրի մաքրություն, պոլիէթիլային տոպրակների արգելում
    14. Սննդի բոլոր բնագավառներում որակի և անվտանգության համատարած վերհսկողություն
    15.ԱԻՆ֊ը արտակարգ դեպքերի ֆիքսողից ու նկարողից պետք է վերածել դրանց քանակի նվազմանը նպաստողի։
    16.Բանկերի եկամուտները պետք է հասցնել մինիմումի, փրկելով երկրին և ժողովրդին ֆինանսական գերությունից
    17. Պարարտանյութի, պլասմասե կենցաղային իրերի սեփական արտադրության կազմակերպում
    18.Ստեղծել փորձառու գիտնականներից կազմված էքսպերտային հանձնաժողով
    ապագա ծրագրերի քննարկման համար։
    19. Ստեղծել Համակարգչային համակարգ ՝ բժշկական հաստատությունների այցելությունների գրանցման, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման,բժշկական գրանցումների, հիվանդության դիագնոստիկայի և պատմագրերի ապահովման համար։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728