Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստն անցկացնել դռնփակ և այն հետաձգել:
Մինչ այս որոշման կայացումը Վարդան Եղիազարյանը հարցաքննվեց: Դատավորը խնդրեց մանրամասներ ներկայացնել ՊՊԾ գնդի գրավման օրվա մասին. «Քիչ բան կարող եմ ներկայացնել, պարոն Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց»:
Վարդան Եղիազարյանը պատմեց, որ առավոտյան ժամը 06.00-ի սահմաններում, երբ իմացել է զինված հարձակման մասին, մեկնել է դեպքի վայր, որտեղ արդեն կային շարված ոստիկանական մեքենաներ. «Առանձնացված էր գիծը դեպի ՊՊԾ գունդ տանող: Հարցրեցի՝ ի՞նչ է կատարվում, Վալերի Օսիպյանն ասաց՝ չեմ իմանում, կրակոցներ են, ասաց՝ կհանդիպեմ, կբանակցեմ, ասացի՝ ես էլ կգամ: Մթնշաղ էր. չնկատեցի, որ բացի այդ երկուսից՝ երկու-երեք հոգի էլ հետևից մոտեցան, ինքնաձիգները դրեցին վզներիս ու պահանջեցին, որ գնանք գունդ: Քաշքշուկ եղավ, բրդբրդոց»:
Վարդան Եղիազարյանը նաև պատմեց, որ գնդում իրենց պլաստիկ ձեռնակապեր են անցկացրել, հետո որոշել, որ պիտի հանեն: Հայհոյանքներ են հնչել, բորբոքված մթնոլորտ էր, իսկ իրենց պահանջը եղել է այն, որ ազատ արձակեն ութ ոստիկաններին:
Վարդան Եղիազարյանի ներկայացմամբ՝ իրենց պահում էին անցակետին կից գտնվող սենյակներից մեկում. մեկուսացրել էին սերժանտներին, որ շփում չլինի, իսկ հեռախոսը տրամադրում էին ըստ իրենց քմահաճույքի, ընտրովի:
Նշենք, որ Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը կշարունակվի փետրվարի 13-ին՝ ժամը 11.00-ի նիստի ընթացքում՝ դռնփակ ռեժիմով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ