Ազգային խորհրդանիշ մը փոփոխութեան ենթարկելու վտանգաւոր մտադրութիւն մը ի յայտ եկած է Հայաստանի Ազգային Ժողովի փոխ նախագահ Ալէն Սիմոնեանի նախաձեռնութեամբ։ Պարզ փոփոխութեան մասին չէ խօսքը, այլ Հայաստանի Հանրապետութեան պետական գործող օրհներգը փոխարինելու մասին կը խօսուի, թեր ու դէմ կարծիքներու լայն բեմահարթակ մը ստեղծելով Հայաշխարհի եւ Սփիւռքի մէջ։
Երգ մը, երաժշտութիւն մը, երկրի մը օրհներգը կը դառնայ, կա՛մ սահմանադրական օրէնքով, կա՛մ պարզապէս՝ ազգի պատմութեան ընդմէջէն, երբ այն հարազատ մեկնաբանը դարձած կ’ըլլայ ժողովուրդի կամքին ու իղձերուն։
Յունահայութեան զգացումներու հարազատ թարգմանը հանդիսանալով՝ Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէն համոզուած է, թէ ազգային մեր օրհներգը գաղափարական, պատմական ու պետական խորհրդանիշ ու արժէք է, որ իր տեղը գրաւած է հայ ժողովուրդի սրտին եւ մեր պետականութեան պատմութեան մէջ։
Օրհներգի փոփոխութեան վերաբերեալ քննարկումները, ամբողջ ազգ մը մտացիր ընելու իմաստազուրկ քայլեր են, որ որեւէ օգտակարութիւն չեն կրնար ունենալ մեր ազգի խոստմնալից ապագայ կերտելու մեր հեռանկարներուն մէջ։
Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէ
Աթէնք, 5 Փետրուար 2019
Ինչու սրանց մեկը չի ասում, որ դուք՝ այլ երկրների քաղաքացիներ, գործ չունեք Հայաստանի ներքին հարցերի հետ։ Այ քեզ բան։ Իսկ ով կասի, ՀՀ քաղաքացու իրավունքներն այդ դեպքում որտե՞ղ են իրացվելու։ Սովորել են արդեն, պատեհ, անպատեհ քթները խոթել ՀՀ ներքին կյանքի, որոշումների, ապրելակերպի, մտածելակերպի մեջ։ Դուք ձեր քաղաքացիության երկրներին արդյո՞ք նվիրված եք որպես այդ երկրների քաղաքացիներ։ ՀՀ քաղաքացին հո չի միջամտում ձեր կյանքին, ուրեմն ինչու՞մն է այս անառողջ հետաքրքրությունը ՀՀ ներքին հարցերի հանդեպ։