ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հարցաքննության ժամանակ միջադեպ գրանցվեց:
Զինված խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց՝ յոթ օրերին, որ ՊՊԾ գնդում եք եղել, Ձեզ բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը տապալված է երկրում, և մեր գործողություններն ուղղված են բացառապես արդարության և սահմանադրական կարգը վերականգնելու համար, և ոստիկանության ղեկավարությունը հանցավոր համագործակցության մեջ է եղել սահմանադրական կարգը տապալողների հետ: Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ: Ես կարող եմ շատերին բացատրել՝ ինչ է սահմանադրական կարգը, բայց դրա շուրջ, այո, խոսակցություն եղել է»:
Կյուրեղյանի մյուս հարցը՝ ընդունե՞լ եք, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, դատարանը հարցը հանեց: Մյուս հարցը՝ լա՞վ եք հիշում, երբ ԲՏՌ եկավ, առաջինը մե՞ր կողմից, թե՞ ձեր կողմից եղավ կրակոց: Վալերի Օսիպյանը պատասխանեց՝ ձեր կողմից. թափքին նստածը կրակելով չէր գա: Այս խոսակցությանը միջամտեց Սմբատ Բարսեղյանը. նա ինչ-որ բան ասաց ոստիկանապետին: Դատավորը նրան նկատողություն արեց: Բայց Վալերի Օսիպյանն արձագանքեց. «Բա՞ն ունեք ինձ ասելու, որևէ մեկը չփորձի ինձ բան ասել»:
Դահլիճում գտնվող Գևորգ Սաֆարյանը դահլիճից նետեց. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակո՛տ»: Վալերի Օսիպյանն ասաց՝ չափերի մեջ մնացեք:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը վստահեցրեց՝ տիրապետում է իրավիճակին և թույլ չի տա, որ վերահսկողությունից այն դուրս գա: Դահլիճում գտնվողներին էլ զգուշացրեց, եթե այսպես շարունակվի, նիստը կընթանա դռնփակ ռեժիմով: Գևորգ Սաֆարյանը հայտարարեց՝ մեզ սպառնալ պետք չէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ