ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը, որոնք ուղղված են Արցախի հակամարտության կարգավորմանը, նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: Այս մասին, այսօր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հայտարարեց «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երեւան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ:
«Միջազգային միջնորդների եւ տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, երկու երկրների միջեւ երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա աշխատանքների համար, հանգեցրել են լարվածության նվազեցմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել` վստահության ամրապնդման համար»,- ասաց ՀԱՊԿ պաշտոնյան:
Նա կարեւորում է, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ուղիղ կապի վերականգնումը, ինչը վերջին տասնամյակում չկար: Այս համատեքստում, ընդգծում է Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումները եւ ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց պահպանումը:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը չորս հանդիպում են ունեցել, որոնցից մեկը, 2018 թվականի, սեպտեմբերի 28-ի հայտնի «վերելակային» հանդիպումը Դուշանբեում, որտեղ կարճ զրույցի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն` սահմանագծի լարումը նվազեցնելու, երկու երկրների ղեկավարների եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջեւ «օպերատիվ կապ» հաստատելու մասին: Մինչ այդ, մեկ ոչ պաշտոնական հանդիպում էր կայացել նաեւ անցած տարեվերջին` Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: Իսկ 2019 թվականի հունվարի 22-ին կայացավ երկու երկրների ղեկավարների «անակնկալ» դավոսյան հանդիպումը, որը տեւեց 1,5 ժամ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ