«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն եւ փորձառու են: Նրանք ճիշտ որոշում կընդունեն»,- այսօր, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը` Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամուրջի ժամանակ, պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին վերաբերվող հայաստանյան տաղավարից հնչած հարցին:
Հիշեցնենք, այդ պաշտոնը թափուր է անցած տարվա կեսերից, երբ Հայաստանը ետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ հավակնություններ դրսեւորեց Բելառուսը: Անգամ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներից համաձայնություն ստացավ իր ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության առիթով: Բելառուսի նախագահը անգամ հայտարարում էր, որ անցած տարեվերջին, դեկտեմբերին իրենց թեկնածուն արդեն կհաստատվի այդ պաշտոնում: Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դեռեւս չի լուծվել: Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է մնար մինչեւ 2020 թվականը: Այժմ կասկածի տակ է նաեւ Հայաստանի այլ ներկայացուցչի նշանակումն այդ պաշտոնում:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հստակեցրեց`իր ղեկավարած ստորաբաժանումը աշխատանքային կառույց է, որը պատրաստ է կատարել ՀԱՊԿ ղեկավար մարմնի կայացրած ցանկացած որոշում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ