«Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը, որը նախկինում զբաղեցնում էր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը, պատասխանելով հարցին, թե այս ընթացքում, երբ «Գազպրոմ Արմենիայի» եւ կառավարության միջեւ գազի սակագնի շուրջ բանակցություններ են գնում, արդյոք ընկերությունը վնասով է աշխատում, պատասխանեց, որ այս պահին որեւէ արդյունքի մասին չի կարող խոսել. «Սակագնի հետ կապված «Գազպրոմ Արմենիայի» ծառայությունը հրապարակել է համապատասխան հաղորդագրություն, այն դրված է պաշտոնական կայքում եւ, դրանից զատ, որեւէ տեղեկատվություն այս պահին առկա չէ: Հենց լինի համապատասխան տեղեկատվություն՝ կտեղեկանաք»:
Հարցին՝ այդ գումարը որպես պարտք կուտակվո՞ւմ է, Վախթանգ Միրումյանն ի պատասխան՝ ասաց. «Պարտք է կուտակվում, թե պարտք չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, այդ բոլոր հարցերը հիմա քննարկվում են»:
Ընկերության ղեկավարի տեղակալից նաեւ հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նախկին իրավիճակում հայտնվենք. 300 միլիոն պարտք կուտակվի, հետո պարզվի, որ Հայաստանն այդ պարտքի դիմաց գույք պետք է տա:
Պարոն Միրումյանն այս հարցին էլ պատասխանեց, որ բոլոր ուղղություններով քննարկումները շարունակվում են, որպեսզի մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից՝ բանակցությունների ոչ ցանկալի արդյունքներին:
Պարոն Միրումյանը նաեւ ասաց, որ գազի սակագնի շուրջ ընկերության եւ կառավարության բանակցությունները, ամենայն հավանականությամբ, սահմանված ժամկետից կերկարաձգվեն: Բանակցությունների, որոնք մեկնարկեցին այս տարվա հունվարին, ժամկետ էր սահմանված երկու ամիս:
Վախթանգ Միրումյանն այսօր մասնակցում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԿԾՀ) նիստին՝ «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում: Գազամատակարար ընկերությունն, ըստ հանձնաժողովի, խախտել է տեղեկատվության ներկայացման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետը: ՀԿԾՀ-ն «Գազպրոմ Արմենիային» նախազգուշացրեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ