Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասացին՝ հիմա քեզ պատի տակ գյուլլում ենք, դիմի ոստիկաններին, զենքերը ցած դնեն, գան, միանան մեզ». Վալերիյ Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց

Փետրվար 06,2019 13:21

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դատարանում ցուցմունք է տալիս ՊՊԾ գնդի գործով՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստին:

Նախագահող դատավորը հարցրեց՝ ազգակցական կապեր ունի՞ գործով անցնող անձանց հետ, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց՝ չունի, նրանց ճանաչում է փողոցից՝ մասսայական միջոցառումներից, հավաքներից, երթերից:

Հարցին՝ դեպքերն ինչպե՞ս զարգացան ՊՊԾ գնդի գրավման օրը, Վալերիյ Օսիպյանը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ առավոտյան 5-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահից ստացել է ահազանգ, որ ՊՊԾ ոստիկանական գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից, այսպես ասած, զավթվել է: Այս առիթով Վալերիյ Օսիպյանը հայտարարեց. «Չեմ համակերպվում այն մտքի հետ, որ ասում են՝ գրավել են: Գրավողն ուրիշ բան կգնա, կգրավի. 35 հոգով վեց հոգու վրա չի գնա. ապօրինի զավթել են: Իմ ծառայողական մեքենայով ուղևորվեցի դեպի ՊՊԾ ոստիկանության գունդ: Հասնելով Էրեբունի ոստիկանական բաժի մոտ՝ տեսա հավաքված մի խումբ ոստիկանների, հասկացա, որ պետք է կանգնեմ այդտեղ: Երբ իջա մեքենայից, նկատեցի ՊՊԾ գնդի կենտրոնական մուտքի դարպասների մոտ կայանած էր միկրոբուսիկ՝ կարմիր գույնի և շտապօգնության մեքենա և, անկանոն՝ ինքնաձիգերով մարդիկ էին շարժվում, մտնում ներս: Տղաներից մեկի մոտ կար ռադիոկապ և լսեցի, ձայնը տարբերեցի՝ Պավլիկ Մանուկյանի ձայնն էր: Հասկացա, որ երբ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել, բաժանել են և մեր հաճախականության տակ կապի են դուրս գալիս: Կապի մտա, ասացի Պավլիկ, Պավլիկ, ասացի ձեզ հետ խոսում է գնդապետ Օսիպյանը: Ասաց՝ հա, լսում եմ ի՞նչ կա՝ մոտավոր այս ոճի մեջ: Ասացի՝ առաջարկում եմ՝ զենքերը վայր դնել, դուրս գալ և դրանով իսկ դուք ձեր գործողություններով կապացուցեք, որ մշտապես ձեր շուրջ կար այն խոսակցությունները, որ դուք բանդա եք, վերջ կդնեք, ասաց, լավ, շատ ես խոսում: Ասացի լավ, դուրս եկեք, ես էլ գամ, դեպի Մարմարի աշխարհ, տեսնենք զոհեր, վիրավորներ ունենք, բանակցենք»:

Վալերիյ Օսիպյանը պատմեց՝ այդ ժամանակ նկատել է Վարդան Եղիազարյանին, ասել է՝ միասին գնանք, ասել է՝ գնանք: Վալերիյ Օսիպյանը պատմեց, որ մայթին կանգնած էր Մարտիրոս Հակոբյանը՝ ինքնաձիգով և Պավլիկ Մանուկյանը, Սեդրակ Նազարյանը, Աշոտ Պետրոսյանը մոտեցան:

Ըստ Վալերիյ Օսիպյանի՝ ջղաձգված խոսակցություն էր ընթանում և հասկանալի էր, որ բանակցություն չի կարող լինել: ՀՀ ոստիկանապետը պատմեց, թե ինչպես են իրենց տարել ՊՊԾ գունդ. «Սեդրակը Նազարյանը ձեռքը մեկնեց և կապիս միջոցը վերցրեց, չէի տալիս, ասաց՝ տուր-տուր, մենակ կապի միջոցը չէ, դու էլ պիտի գաս: Բոլորն ինքնաձիգը պահեցին վրաս, թե հիմա կգյուլլենք քեզ ստեղ և հետևիցս ինքնաձիգի խզակոթով հարվածներ էի ստանում գլխի, մեջքի հատվածում: Ուսադիրներս պոկեցին, հետո տեղեկացա, որ Աշոտն էր: Հինգ- վեց հոգով հարվածում էին, անցակետով անցանք, նկատեցի ներսում Վարուժան Ավետիսյանին: Ասաց ի՞նչ եք անում, ասացին՝ ռեժիմը մեր կյանքը կերավ, էս ոճի մեջ: Մյուս սենյակ անցանք՝ հանգստի սենյակը, նկատեցի այնտեղ մեզ հետ միասին ութ ոստիկաններ կային՝ ոմանք ձեռնաշղթաներով, մեզ էլ ձեռնաշղթաներ անցկացրին»:

Վալերիյ Օսիպյանը պատմեց, թե իրեն ինչպես են ստիպել կապի դուրս գալ ոստիկանների հետ. «Գնդից դուրս էի գալիս՝ ձախ թևի վրա կանգնեցինք, Սեթոն էր, չեմ հիշում՝ ով էր այնտեղ, Պավլիկի տղան էր մեքենայի մոտ՝ թուղթուգրիչով ներկա բացակա էր անում, ինչ էր անում, բարձրախոս տվեցին իմ ձեռքը, ուղղեցին ինքնաձիգն իմ ուղղությամբ ու ասացին՝ հիմա քեզ պատի տակ գյուլում ենք, դիմի ոստիկաններին, զենքերը ցած դնեն, գան, միանան մեզ: Դա տևեց երեքից հինգ րոպե: Սպառնալիքը սպառնալիքի հետևից: Ես չհայտարարեցի, կոչով դիմեցի, թե խոսում է գնդապետ Օսիպյանը, կխնդրեի այս ուղղությամբ չկրակել, իրենք էլ չեն կրակի: Ասացի՝ սրանից ավել բան չեմ ասի»:

Վալերիյ Օսիպյանն ասաց, որ տեսել է՝ Մոլոտով կոկտեյլներ էին սարքում, դիմացի շենքում էլ շարժ կար: Հետո նկատել է, որ ոստիկանության զրահամեքենան է դուրս գալիս, տեխնիկայի գլխին նստած մարդկանցով: Ըստ նրա՝ դա մարտական դիրք չէ, մարտական է, երբ անձը նստած է լինում սրահում: Հետո երկու կողմից կրակել են և այդ ժամանակ էլ վիրավորներ են եղել:

Նշենք, որ այս պահին դատարանում շարունակում է Վալերիյ Օսիպյանը ցուցմունք տալ:

Այլ մանրամասներ՝ քիչ ուշ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728