Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյանի արձագանքը Վաչե Գաբիելյանի հոդվածին. «Ողջունելի է նեոլիբերալ տնտեսական քաղաքականության առողջ քննադատությունը»

Փետրվար 06,2019 13:12

Վերջերս լույս տեսավ Վաչե Գաբրիելյանի վերլուծական «Պետական հատվածի չափի եւ դրա որոշ հետեւանքների մասին» հոդվածը, որում մերժվում է փոքր պետություն և փոքր պետական համակարգ ունենալու գաղափարը, կասկածի տակ է դրվում ներկայիս օպտիմալացման քայլերը, հարկերի դրույքաչափերի իջեցումը չի դիտվում տնտեսական և ներդրումների աճի խթանման հիմնական գործոն և այլն:

Անկեղծորեն զարմացա նախկին պաշտոնյայի մտքերից, քանի որ վերջինս հանդիսանում է Կենտրոնական բանկի թիմի /այդ թվում՝ Տիգրան Սարգսյան, Վարդան Արամյան, Ներսես Երիցյան և այլն/ անդամներից մեկը, ով տարիներ շարունակ առաջ է տարել նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը՝ նվազեցնելով պետության միջամտությունը տնտեսության մեջ, վարելով ցածր աշխատավարձի քաղաքականություն, չբարձրացնելով կենսաթոշակները և նպաստները, ամեն գնով ապահովելով գների կայունություն, կրճատելով խոշոր բիզնեսի համար հարկերը և այլն, և այլն:

Տեղին է հիշել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» հոդվածը, որի մեջ կասկածի տակ էր դրվում պետության գործառույթների, առհասարակ, գոյությունը, դրանք ապագայում պատվիրակելով մասնավորին: Եվ ահա այս դպրոցի վառ ներկայացուցիչ՝ Վաչե Գաբրիելյանը, ով տարիներ շարունակ փոքրացրել է պետության դերակատարությունը, հայտարարում է, որ դեմ է փոքր պետության և փոքր բյուջեի ներկայիս վարվող քաղաքականությանը:

Միաժամանակ հիմնավորում է, որ մեծ բյուջեի միջոցով հնարավոր է ստեղծել ուժեղ պետություն և տնտեսություն, և ներկայումս եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցման և ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունավետությունը բավարար գնահատված չէ, չենք ստանա սպասված արդյունքը:

Նույն հոդվածում պարոն Գաբրիելյանը, իրեն իսկ հակադարձում է. տրամաբանական կլիներ, որ նա դեմ լիներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, քանի որ պետական միջոցները հոսում են դեպի մասնավոր ֆոնդեր՝ թուլացնելով ուժեղ պետությունը և կրճատելով մեծ բյուջեն: «Լավ ուշ, քան երբեք» մոտեցումից ելնելով՝ ողջունելի է նեոլիբերալ տնտեսական քաղաքականության առողջ քննադատությունը:

Սա մեկ անգամ ևս փաստում է, որ պետք է վերանայել ներկայիս տնտեսական քաղաքականությունը: Եվ միայն այս դեպքում կարող ենք խոսել տնտեսական հեղափոխության մասին: Հին քարտեզով նոր քաղաք չենք կարող գտնել: Հին տնտեսական մոդելով նոր, ներառական տնտեսություն չենք կառուցի:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728