Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերնդի ՀԴՄ-ները նախկին 160 հազար դրամի փոխարեն կտրամադրվեն 60 հազարով

Փետրվար 06,2019 15:30

Շուկան ազատականացվում է

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներին:

Նշենք, այս տարվա հունվարի 1-ից պարտադիր է նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը: Այս ՀԴՄ-ի արժեքը 160 հազար դրամ է, եւ ինչպես մշտապես տեղեկացրել է ՊԵԿ-ը, դրանք հնարավոր է ձեռք բերել տարաժամկետ վճարման պայմանով: Սակայն բազմաթիվ փոքր ձեռներեցներ դժգոհում էին, որ իրենք չեն կարող ձեռք բերել այդ ՀԴՄ-ները, քանի որ դա իրենց միկրոբիզնեսի համար բեռ է:

Երեկ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՀԴՄ-ների մասին գրառում է արել, որից առաջ խնդիրը քննարկել է Պետական եկամուտների՝ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Փաշինյանը տեղեկացրել է. «Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչեւ այս էլ կար, կպահպանվի»:

Վարչապետը նաեւ վստահեցրել էր. «Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ: Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ, եւ նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի»:

ՀԴՄ-ների ոլորտում, ըստ Փաշինյանի, նույնպես պետական մենաշնորհը վերացվում է. «Քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ, բացի համանուն («Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-խմբ.) ՊՈԱԿ-ից, կարող են ձեռք բերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը երկար տարիներ գործում է ՊԵԿ-ի ենթակայությամբ, եւ դրանց վաճառքի գինը սահմանում էր ՊԵԿ նախագահը: Այս ՊՈԱԿ-ի ներկրած նոր սերնդի ՀԴՄ-ները ներդրման սկզբնական փուլում վաճառվում էին 369.600 դրամով: Հետո կառավարությունը որոշեց իջեցնել դրանց գները: Անցյալ տարի դրանց վաճառքի գին էր սահմանվել 160 հազար դրամը:
«Առավոտն» անցյալ տարի հոկտեմբերին անդրադարձել էր ՀԴՄ-ների մենաշնորհին, եւ թե ինչ է արվում այս ոլորտում նախկին իշխանության ստեղծած արհեստական մենաշնորհը վերացնելու համար: ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանն ասել էր՝ նախաձեռնում են հսկիչ դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացում, որը որոշ առումով կբերի նրան, որ շուկայում կհայտնվեն ՀԴՄ-ների այլ ներմուծողներ: Մուրադյանը վստահեցրել էր, որ ՊԵԿ-ն արդեն մշակել է կառավարության որոշումների եւ օրենքների փոփոխությունների փաթեթը. այն ներկայացվել է տարբեր նախարարություններ, եւ սպասվում էր, որ կարծիքները ստանալուց հետո փաթեթեը պետք է ներկայացնեին կառավարությանը:

Ակնկալվում է, որ այդ փոփոխությունների արդյունքում էապես կազատականացվեն ՀԴՄ-ների վաճառքի եւ սպասարկման գները: Այդ օրենսդրական փաթեթով նախատեսվում է ՀԴՄ-ի համար տեխնիկական պահանջները, որոնք բավականին ծավալուն են, հնարավորինս կրճատել, բայց պահպանվելու են անվտանգության եւ ՊԵԿ-ի կարիքներից ելնելով վարչարարության նպատակով պահանջները: Իսկ տեխնիկական պահանջները կրճատվում են, որպեսզի ավելի շատ ՀԴՄ սարքեր համապատասխանեն այդ պահանջներին: Ընդ որում, օրենսդրական փոփոխությունից հետո նախատեսվում է, որ ՊԵԿ նախագահը չի սահմանի ՀԴՄ իրացման գինը, ազատ մրցակցության պարագայում գինը շուկան է թելադրելու:

Ինչպե՞ս է շուկան ազատականացվելու, արդյոք ցանկացած տնտեսվարող կարո՞ղ է ցանկացած երկրից օրենքով պահանջվող չափանիշներին համապատասխան ՀԴՄ ձեռք բերել եւ այն կիրառել իր բիզնեսում: ՊԵԿ-ից վստահեցնում են՝ ցանկացած սուբյեկտ չի կարող ՀԴՄ սարք բերել եւ կիրառել, որովհետեւ այդ սարքի համար անհրաժեշտ կլինի հատուկ ծրագրային միջոց: Այսինքն՝ կլինեն կազմակերպություններ, որոնք կկարողանան որոշակի խմբաքանակ ներմուծել, դրա համար մշակել, ներդնել ծրագիր կամ պատվիրել, որպեսզի արտադրողն այդ ծրագիրը ներբեռնի սարքերի մեջ, նոր ներմուծեն եւ վերավաճառեն: Այդ ծրագրային ապահովմամբ զբաղվում են մասնագիտացված ընկերությունները: Եվ եթե նախկինում դա միայն ՊՈԱԿ-ի գործառույթն էր, հիմա ցանկացած տնտեսվարող կարող է որոշակի խմբաքանակ ներմուծել, ներբեռնել ծրագիրն ու վաճառել ՀԴՄ-ները:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728