Այս պահին ընթանում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը: Դատարանում են գործով տուժողներ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այս պահին ցուցմունք է տալիս ՊՊԾ գնդի գործով:
Նա դատարանում հայտարարեց. «Գունդը գունդ չէր, ավերված էր, անհասկանալի էր: Անգամ էդ համակարգիչները, տեխնիկան ինչ էին արել: Ես միշտ էլ պայմանական ասում էի՝ իշխանափոխություն, հեղափոխություն անենք այս տեխնիկան չի՞ ծառայելու ձեզ, համակարգիչը չի՞ ծառայելու ձեզ, էդ մեքենան կարելի՞ է այդպես վնասել, թեկուզ ձեր ասած Նոր Հայաստանում չի՞ ծառայելու այս տեխնիկան: Պահեստները լրիվ խայտառակ ավերված վիճակում էին, կոշիկներ, կիսաճտքավոր կոշիկները. այն, ինչ ոստիկանները պիտի հագնեին, իրենք էին հագել»:
Ամբաստանյալներն այս ընթացքում փորձում էին արձագանքել, սակայն դատավորը լռեցնում էր նրանց:
Այնուհետև Վալերիյ Օսիպյանը շարունակեց. «Սմբատի հագին էլ կար սպիտակ շապիկ. բավականին երկար ժամանակ ինքը տեսադաշտից կորավ, չէր երևում, հետո հայտնվեց, նորից իր սև հագուստով: Ցերեկային ժամերին քիչ էի տեսնում նրան, չէի իմանում՝ որտեղ էր լինում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ