Անցած տարվանից սկսվեց հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների փոփոխությունների գործընթացը, փոխվեցին ոչ միայն կազմերը, այլ նաեւ խորհուրդների նախագահները։ Ի տարբերություն նախկինների, նոր ձեւավորված խորհուրդների նախագահներն ապաքաղաքական դեմքեր են, մի հանգամանք, որը կարեւորել էր թե՛ ԿԳՆ-ն, թե՛ կառավարությունը։
Այսպես, օրինակ, Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վարազդատ Կարապետյանը բոլորովին վերջերս ընտրվեց «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Դեկտեմբերին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց արվեստագիտության դոկտոր Լիլիթ Երնջակյանը։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ով, ի դեպ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, ընտրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում։
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով ընտրվեց Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ընդգրկված է նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում։
ԵՊՀ-ում Սերժ Սարգսյանին հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինեց ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գեւորգ Մուրադյանը։
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բուհի խորհրդի նախագահ ընտրվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում խորհրդի նախագահ ընտրվեց արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը։
Երեւանի պետական բժշկական համալսարանում, ի տարբերություն մյուս բուհերի, կար 2 թեկնածու, արդյունքում հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց երգիչ-երգահան, մասնագիտությամբ բժիշկ Վահան Արծրունին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: