Հարցազրույց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ
-Օրերս լայն քննարկումների առիթ դարձավ ՀՀ օրհներգի փոփոխության հարցը: Արդյո՞ք օրհներգը փոխելուանհրաժեշտությունը կա:
– Այս հարցի վերաբերեալ իմ վերաբերմունքն ամենեւին կապուած չէ սկսուած քննարկումների հետ։ Նախ պատիւ ունեմ լինել այն մի քանի մարդկանցից մէկը, ում առաջարկուել է, որ երգերից երկուսը՝ Անկախականների հիմներգը եւ Հայաստանը, դառնան ազգային պետական հիմներգի «թէկնածուներ»։ Ի դէպ, միակ դէպքն է, երբ ե՛ւ բառերի, ե՛ւ մեղեդու հեղինակը նոյն անձն է։ 2005-6 թթ.-ին մասնաւորպէս Գուրգէն Արսենեանը համապատասխան պատկան մարմնին առաջարկել է քննարկել Անկախականների հիմներգը ազգային խորհրդանիշ դարձնելու հարցը։ Հայաստան երգս Ազգային հիմներգի լաւագոյն նախօրինակ է համարում այն ունկնդրածների աւելի քան 70 տոկոսը։ Երկու դէպքում էլ ես դէմ եմ արտայայտուել, որովհետեւ ա) ազգային խորհրդանիշների նկատմամբ հապճեպ վերաբերմունք դրսեւորելն անթոյլատրելի համարելուն զուգահեռ, բ) յաջողութեան ու առաջընթացի նախահիմք եմ համարում հարգալի վերաբերմունքը նախնիներին, մանաւանդ՝ Միքայէլ Նալբանդեանի եւ Բարսեղ Կանաչեանի պէս մեծ հայերին։ Շատ աւելի կարեւոր է ազգային պատմութեան մէջ այդ խորհրդանիշի մասնակցութիւնն ու դերակատարութիւնը։ «Մեր հայրենիքը» մասնակիցն ու ուղեկիցն է եղել մեր ազգային ազատագրական կարեւորագոյն դրսեւորումների աւելի քանի 150 տարի։ Իմ եւ ընկերներիս օրինակով կարող եմ վկայել․- Հիմա բոլորն են անկախական, բայց եղել են ժամանակներ, երբ հարիւր հազար հայից հազիւ մէկն էր համարձակւում անգամ այդ բառն արտասանել։ Եւ այդ պայմաններում՝ «կագէբէ»-ների բանտերում մեզ ոգեւորողն ու ոգեշնչողը մասնաւորապէս «Մեր Հայրենիք»-ն էր եւ հատկապէս նրա «Ամենայն տեղ մահը մի է․․․, բայց երանի որ իւր ազգի ազատութեան կը զոհուի․․․» տողերը։
–Կան մարդիկ, որոնք գտնում են, որ ներկայիս օրհներգը տխուր ու միապաղաղ է, և պետք էփոխել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Այդ մարդկանց զգացումներն անհիմն չեն եւ հենց այդ ուղղութեամբ դեռեւս 7-8 տարի առաջ մեր առաջարկը շատ բան իր տեղն է դնում։ Բանն այն է, որ Միքայէլ Նալբանդեանի բանաստեղծութիւնից չորս քառեակ ընտրելուն զուգահեռ Լեւոն Տէր Պետրոսեանն իրեն իրաւունք է վերապահել փոփոխութիւններ կատարել բառերում։ Փոխել բառերն այդպիսի անպատասխանատւութեամբ՝ հայերէնի կանոնների այդորակ խախտումներով ու անճաշակութեամբ ոչ միայն անթոյլատրելի, այլ նաեւ վտանգաւոր է ու վանող։ Մանրամասները մէկ այլ առիթով կը ներկայացնեմ։ Մենք աղջկա-կնոջ շուրթերից հնչող բառերը փոխարինել ենք Միքայէլ Նալբանդեանի մէկ այլ քառատողով, որում նաեւ փոքրիկ փոփոխութիւն ենք թոյլ տուել։ Արդիւնքում հիմներգն աւարտւում է մեղեդային վերընթացով եւ «․․․Իւր քաջ որդուոց սուրբ արիւնով Արդ ապրում է ա-զատ-ուաաաաած․․․» բառերով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: