Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ տեղի են ունենում հանդիպումներ: Սակայն բանակցություններ դեռ չեն սկսվել: Կողմերն առայժմ «շոշափում» են միմյանց, ինչպես որ դա լինում է բռնցքամարտի առաջին ռաունդում: Բայց, իմ տպավորությամբ, այդ ռաունդը մոտենում է ավարտին:
Ադրբեջանական կողմի դիրքորոշումը, որը ձեւավորվել է մոտավորապես 2003 թվականին, երբ իշխանության է եկել Իլհամ Ալիեւը, պարզ է: Բանակցություններն, ադրբեջանական կողմի տեսանկյունից, ընթանում են հայկական ուժերի՝ սկզբում մի քանի շրջաններից, այնուհետեւ 7 շրջաններից, իսկ, որպես նպատակ՝ նաեւ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքից դուրսբերման շուրջ: Ադրբեջանը պնդում է նաեւ, որ այդ գործընթացի շրջանակներում պատերազմի արդյունքում «տեղահանված» ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տները:
Որպես իր կողմից փոխզիջման տարր՝ հարեւան հանրապետության ղեկավարությունը նշում է, որ գուցե այդ ամենից հետո Լեռնային Ղարաբաղին կտա բարձր կարգի ինքնավարություն: Մի խոսքով՝ դուք ձեր զինված ուժերը դուրս բերեք, իսկ մենք մտածենք:
Կարծում եմ՝ աշխարհիս երեսին չկա որեւէ հայ, որը չի հասկանում, թե ինչ հետեւանքների է բերելու այս ծրագրի իրականացումը՝ դա հազարավոր հայերի դաժան սպանության եւ տեղահանման ծրագիր է: Ավելին՝ վստահ եմ, որ դա մահացու սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար:
Մինչեւ հեղափոխությունը ի՞նչ էր հակադրում Հայաստանը հակառակորդի այդ կարծր, անզիջում, առավելապաշտական դիրքորոշմանը: Իհարկե, տարբեր ժամանակ տարբեր բաներ էին ասվում, բայց ընդհանուր միտումը հետեւյալն էր. Հայաստանը դեմ չէ 5, անգամ 7 շրջաններ հանձնելուն, եթե Լեռնային Ղարաբաղին սկզբնական շրջանում տրվի միջազգայնորեն ընդունված միջանկյալ կարգավիճակ եւ հետո հնարավորություն տրվի հանրաքվե անցկացնելու: Համաձայնեք, երկու դիրքորոշումների միջեւ չկա սիմետրիա, երկրորդը շատ ավելի «փոխզիջումային» է, քան առաջինը: Ընդ որում, այդ մեղմ դիրքը բռնում է 1992-94 թվականների պատերազմի արդյունքներով առավելության հասած կողմը՝ չնայած սովորաբար հակառակն է լինում: Ուրեմն պետք է ենթադրել, որ 24 տարվա ընթացքում մեր դիրքերը քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական ասպարեզներում թուլացել են: Ադրբեջանն էլ, հակառակը, կարողացել է միջազգային հանրության վզին փաթաթել «մադրիդյան» տիպի սկզբունքներ, վկայակոչում է 26 տարի առաջ ընդունված ՄԱԿ-ի «4 բանաձեւերը» (որոնք կապ չունեն այսօրվա խնդիրների հետ) եւ առաջին պլան մղում «տարածքներից զորքերի դուրսբերումը»:
Ներկայիս վարչապետը կարեւոր եւ ճիշտ շեշտադրում է արել՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ծրագիրը չի քննարկվի: Պետք է անել հաջորդ քայը եւ հայտարարել, թե, հայկական կողմի կարծիքով, ի՛նչ պետք է քննարկվի՝ Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունը եւ Հայաստանի հետ վերամիավորումը: Առավելապաշտությանը պետք է առավելապաշտություն հակադրենք եւ մտածենք, թե որոնք են աշխարհում մեր ծրագրերն իրագործելու ռեսուրսները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթէ «աշխարհում [ձեր] ծրագրերն իրագործելու ռեսուրսներ» ի կարգին նկատի ունիք աւանդական Սփիւռքահայութիւնը, (հայաստանցիներու Սփիւռքին մասին խօսիլը արդէն աւելորդ է…), խնդիրը այն է որ դասական Սփիւռքն ալ թուլացած է :
Որովհետեւ ճակատագրական սխալը ըրինք մեր ռեսուրսներուն շատ մեծ մասը բացառապէս տրամադրելու Հայաստանին, ի հեճուկս եւ ի վնաս մեր դուրսի համայնքային կառոյցներուն, այլազան կազմակերպութիւններուն, ազգային եւ միութենական կենսական կարիքներուն: Քանզի նկատի չէինք առած որ Հայաստանն ալ պիտի թուլանայ, եւ այս աստիճան: Եւ ոչ միայն «քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական ասպարեզներում»:
Հեդոնիզմը քանդեզ ձեզ ալ, մեզ ալ, սակայն կը կարծէինք թէ հողի ուժը կը պաշտպանէ այդ հիւանդութեան դէմ, զորս կը կարծէինք թէ միայն օտարութեան մէջ կը վարակուի հայերուն, եւ յատկապէս երիտասարդութեան:
Արցախի հարցը մի քանի տարի անց լուծվելու համար չի հո ստեղծվել: Սա էլ կովկասյան Պաղեստինն է՝ իր անվերջ, անլուծելի, անբանակցելի խնդրով: Եթե կողմերը չեն ցանկանում, որ այն լուծվի, ինչի մասին է խոսքը: Առկախ կարգավիճակը առայժմ ձեռնտու է բոլորին, ոնց տեսնում ենք: Մեջտեղ տուժում են սերունդները՝ ծնված՝ պատերազմելու համար: