Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, խանութներից մեկը որոշել է հարմարավետություն եւ մատչելիություն ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Սակայն լուսանկարում պատկերված այս թեքահարթակը ամենեւին էլ մատչելի չէ. դրանից օգտվելը նույնիսկ ռիսկային է: Նման թեքահարթակները կարելի է ասել՝ համատարած են: Ըստ «Ունիսոն» հ/կ-ի «Մատչելիության ուղեցույցի»՝ թեքահարթակը պետք է լինի. «Եթե կան աստիճաններ, ապա անհրաժեշտ է կառուցել ասֆալտից (կամ գոնե բետոնից, բայց ոչ` մարմարից եւ այլ սայթաքուն նյութերից)։ Երկարությունը` առնվազն 8 (ցանկալի է 10) անգամ ավելի, քան բոլոր աստիճանների բարձրությունների հանրագումարը։
Օրինակ՝ եթե ունենք 3 աստիճան` յուրաքանչյուրը 12սմ բարձրությամբ, աստիճանների բարձրությունների հանրագումարը կազմում է 3×12սմ=36սմ։ Այս դեպքում թեքահարթակի նվազագույն երկարությունը պետք է կազմի 36սմx8=288սմ (իսկ իդեալական տարբերակում` 36սմx10=360սմ)»։ Այսինքն՝ անգամ առանց վերը նշված թվերը գումարելու ու բազմապատկելու էլ լուսանկարում պատկերված թեքահարթակն ակնհայտորեն չի համապատասխանում չափանիշներին. դրա թեքությունն էլ կտրուկ է: Այս խնդիրը կարծես հավերժ է. թեքահարթակներ եթե կառուցվում էլ են, ապա մեծ մասը ձեւական են եւ ոչ պիտանի: Նոր կառավարությունում հաշմանդամություն ունեցող 2 նախարար կա. նրանք իրավական եւ սոցիալական ոլորտների պատասխանատուներն են. գոնե նրանք «ստիպեն» խնդիրը լուծել, որպեսզի թեքահարթակները նպատակային լինեն եւ ոչ թե ձեւական:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
05.02.2019