Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է քաղաքապետը զարգացման, քաղաքի բարեկարգման ծրագրեր գրել-մշակելու բեռը դնում քաղաքացիների ուսերին

Փետրվար 06,2019 14:30

Հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը հայտարարել է, թե Երեւանի բյուջեն երեւանցիներինն է, ու հենց երեւանցիները պիտի տնօրինեն այն. «Մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ իրենք եւս տնօրինեն բյուջեն եւ ծրագրեր առաջարկեն: Այդ նպատակով այս տարի բյուջեից կտրամադրվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երեւանի բնակիչներն իրենք կորոշեն, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել այդ գումարով: Պետք է նաեւ կազմակերպել առցանց հարթակ, որի միջոցով կներկայացվեն առաջարկները: Իհարկե, առաջարկներ կընդունենք նաեւ ավանդական նամակներով: Ծրագրերի մշակումից հետո կընտրվեն եւ կիրականացվեն քաղաքացիների ներկայացրած այն առաջարկները, որոնք կարժանանան հենց բնակիչների ամենաշատ հավանությանը»:

Սրանից առաջ՝ Ծննդյան տոների նախաշեմին, Հայկ Մարությանը համակարգի 1628 աշխատակցի պարգեւատրել է ընդհանուր 474 միլիոն դրամով։ Արձանագրենք՝ այն բյուջեից, որը, ըստ Մարությանի, երեւանցիներինն է, ու պիտի երեւանցիները տնօրինեն: Բայց ինչպես այս պարգեւատրումը, այնպես էլ քաղաքի բյուջեի միջոցներով բեռնատարներ գնելը քաղաքապետն արել է առանց երեւանցիներին հարցնելու: Իսկ երբ նոր էր բազմել քաղաքապետի աթոռին, ասում էր, թե Երեւանում շատ հարցեր լուծելու է տեղական հանրաքվեների միջոցով։ Արել է` առանց երեւանցիների կարծիքը հարցնելու: Հակասում է ինքն իրեն: Ինքն իրեն սխալ է հանում:

Դառնանք պարգեւավճարներին ու երեւանցիներից ակնկալվող առաջարկներին:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողը պարգեւավճար է ստանում աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Եթե քաղաքապետարանի համակարգում 1628 բարեխիղճ աշխատող կա, ինչո՞ւ է քաղաքապետը զարգացման, քաղաքի բարեկարգման ծրագրեր գրել-մշակելու բեռը դնում քաղաքացիների ուսերին: Մարդ կա, 20 տարի է՝ աշխատում է քաղաքապետարանում: Օրինակ` Կամո Արեյանը: Այս մարդիկ դեռ չգիտե՞ն քաղաքի խնդիրները: Այդ ի՞նչ բարեխղճություն է: Քաղաքապետարանում մի հատ «դուխով» աշխատակից չկա՞, որ ասի՝ այ «կարգին» քաղաքապետ, բա մենք մեռե՞լ ենք, որ մեր գործը պիտի անի մեր գործատուն, մեզ աշխատավարձ ու պարգեւավճար տվողը՝ երեւանցին:

Իսկ այսպես քաղաքապետարանում աշխատավարձ են ստանում ու բան չեն անում, իսկ երեւանցիները պիտի աշխատեն քաղաքապետի ու քաղաքապետարանի փոխարեն։ Սա հանրային միջոցների մսխում է։ Իսկ հանրային միջոցների մսխումը կոռուպցիայի մի ձեւ է։

Տարոն Մարգարյանի օրոք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված էր ավելի քան 50 ներդրումային ծրագիր. «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցում եւ արդիականացում, Երեւանում «Վարպետաց քաղաք» մշակութային համալիրի ստեղծում, Հրազդանի կիրճում հյուրանոցային համալիրի ստեղծում, բազմաֆունկցիոնալ առողջարարական-վերականգնողական համալիր-կենտրոնի ստեղծում, Երեւանում «Հեքիաթային քաղաքի» զվարճանքների կենտրոնի կառուցում՝ ջրային ատրակցիոններով եւ այլն: Բոլորն էլ «փող բերող», աշխատատեղեր ստեղծող ծրագրեր են: Հիմա դրանք հանվել են քաղաքապետարանի կայքից: Բայց կան, չէ՞: Հայկ Մարությանը ջնջում է իրենից առաջ եղած ծրագրերը ու քաղաքը զարգացնելու, կառավարելու գործը թողնում երեւանցիներին՝ այն դեպքում, երբ ինքն է դրա համար երեւանցիներից աշխատավարձ ստանում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Ն. Գրիգորյան.
    Նյութի վերնագիրը կարելի է ասել լավն է, եթե նպատակ եք ունեցել ընթերցումների քանակ ապահովել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա քաղաքապետի այդ առաջարկը շատ տարածված է զարգացած ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում և նպատակ ունի ապահովել ակտիվ քաղաքացիների լայն մասնակցությունը քաղաքային, թաղային, բակային հարցերի լուծմանը: Այս գործիքը, ճիշտ կիրառելու դեպքում, կարող է ունենալ շատ լավ արդյունքներ: Պատկերացրեք մի պահ, որ ձեր հարևան շենքերի տիկնայք որոշում են իրենց երեխաների համար ունենալ այսինչ բանը (ինչ որ իրենց երեխաներին պետք է), որի համար հարկավոր է 62 միլ. դրամ և որի կառուցման հետ կապված առաջարկությունով նրանք դիմում են քաղաքապետարան: Եթե այս հնարավորությունը լինի այդ տարվա բյուջեում, ապա շատ հնարավոր է, որ սրա իրականացումը հետաձգվի հաջորդ տարիներ, իսկ այս 500 մլն. դրամ հատկացված գումարի առկայությունը հնարավորություն է տալիս (իհարկե որոշ մասնագիտական, տեխնիկական և իրավական ճշտումներից հետո) իրականացնել այդ ծրագիրը: Եվ ամենակարևորը, հիմա պատկերացրեք այդ տիկնանց հպարտությունը և այլ պարոնների մոտիվացիան, թե էլ ինչ կարող են մտածել իրենց կյանքը հարմարավետ դարձնելու համար: Արդյունքում կստացվի, որ քաղաքի (տվյալ դեպքում` Երևանի) հարմարավետության, կանաչապատման ու գեղեցկության խնդիրը կդադարի միայն Արթուր Մեսչյանի և կամ 1-2 բաժնի աշխատակիցների խնդիրը լինել: Շատ կուզենայի, որ այս առաջին փորձը հաջողեր և այն կրկնեին ՀՀ այլ քաղաքներում ևս (իրենց բյուջեի հնարավորություններին համապատասխան):

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728