Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես դիմում չեմ ստորագրել, տանը հիվանդ պառկած եմ եղել»

Փետրվար 06,2019 14:00

Քաղաքապետարանի մասնագետին ազատել են աշխատանքից, երբ դեռ չէր ավարտվել նրա անաշխատունակության թերթիկի ժամկետը

Հայցվորին աշխատանքից անհիմն կերպով ազատելուց մինչեւ նշանակված վերջին դատական նիստն անցել է 43 ամիս, ուստի 463,753.1 անգամ 43 հավասար է 19 միլիոն 941 հազար 383.1 դրամ: Ուստի Երեւանի քաղաքապետարանը պարտավոր է վճարել նշյալ գումարը, որին պետք է ավելանա մինչեւ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրը անցնող ժամանակահատվածի գումարը:

Այս մասին ասում է Երեւանի «Կենտրոն» վարչական շրջանի եկամուտների հավաքագրման եւ հաշվառման բաժնի նախկին առաջին կարգի մասնագետ Նաիրա Լմնցյանը, որին 2014 թվականին աշխատանքից ազատելու գործը դեռ դատարաններում է:

Նաիրա Լմնցյանը պահանջում է, որպեսզի աշխատանքից ազատելու մասին քաղաքապետարանի հրամանն անվավեր ճանաչվի, վերականգնվի զբաղեցրած պաշտոնում եւ գանձվի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

«Առավոտին» երեկ նա տեղեկացրեց, որ Երեւան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի 1-ին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնում աշխատել է 03.06.2009-12.09.2014թթ.: Աշխատանքում չի թերացել, որեւէ նկատողություն չի ունեցել, ապահովել է բյուջեի ամենօրյա բարձր մուտքեր, անգամ այդ տարվա մարտին պատվոգիր էին տվել, իսկ սեպտեմբերին՝ ազատել:

«Մեր բաժնում պարբերաբար յուրաքանչյուր աշխատակցից ստիպողաբար պահանջում էին աշխատանքից ազատվելու դիմում գրել, առանց ամսաթիվը նշելու, որպեսզի ցանկացած պահի եւ ցանկացած աշխատողի կարողանան իրենց հայեցողությամբ ազատել աշխատանքից: Հրաժարվելու դեպքում սպառնացել են երեք-չորս նկատողություն տալ, այդպիսով հեռացնել աշխատանքից: Մենք աշխատել ենք շաբաթական յոթ օր` առանց հանգստյան օրերի»,- ասում է զրուցակիցս, ում բողոքը երկու օր հետո լսվելու է վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Ն. Լմնցյանի գործով այս պահին կա առաջին ատյանի նույն դատարանի երկու հակադիր վճիռներ. մի անգամ դատարանը հայցը բավարարել է, մի անգամ՝ մերժել:

Նաիրա Լմնցյանը դիմել է նաեւ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին, մինչ նրա ԱԺ նախագահ դառնալը:

Նա տեղեկացրել էր իրեն ապօինի ազատելու մասին, իր դիմումի, որը ստիպողաբար գրվել է իր ազատումից երկու տարի առաջ, եւ հետին թվով դրվել ազատման հրամանում, ի դեպ, առանց կնիքի, առանց ստորագրության եւ առանց ժամկետը նշելու. «11 տարի աշխատել եմ եկամուտների հավաքագրման եւ հաշվառման բաժնում, եւ ընդամենը երկու անգամ եմ արձակուրդից օգտվելու հնարավորություն ունեցել, երկու անգամ եմ անաշխատունակության թերթիկ վերցրել, որոնցից վերջինի ժամանակ, դեռ ժամկետը չլրացած, ինձ ազատել են աշխատանքից` օգտագործելով տարիներ առաջ ստիպողաբար իմ կողմից գրված առանց ամսաթվի ազատման դիմումը»:

Նա ներկայացնում է, որ ազատման օրը՝ սեպտեմբերի 16-ին, անտեղյակ լինելով, որ ազատել են աշխատանքից, ներկայացել է աշխատանքի եւ ամբողջ օրն աշխատել է՝ երեկոյան հանձնելով 250.000 դրամ: Դրանից հետո ժողով են հրավիրել եւ տեղեկացրել, որ յոթից-ութ աշխատակից ազատվել է աշխատանքից: Սակայն ազատվածներից այս պահին բողոք է բերել միայն զրուցակիցս:

Հետագայում պարզելով, որ տվյալ ժամանակում Նաիրա Լմնցյանը գտնվել է անաշխատունակության մեջ, ազատման հրամանը վերադարձրել են` ամսաթիվը փոխելու նպատակով:

Դատարան ներկայացրած բողոքում Նաիրա Լմնցյանը հայտնել էր, որ «իր աշխաատանքից ազատման դիմումի» վրա բացակայում են տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կնիքը եւ մակագրությունը, որի հետեւանքով դիմումը համարվում է անվավեր, քանի որ համաձայն քաղաքապետարանի ներքին գործավարության կարգի, որը նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք էր մշակվել, քաղաքապետարանի ստորաբաժանումների կողմից ընդունված յուրաքանչյուր փաստաթղթի առաջին էջի ներքեւի աջ մասում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են տարեթիվը, գրանցման հերթական համարը, ինչպես նաեւ ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի «մտից համարին»:

Ի դեպ, զրուցակիցս տրամադրել է դատական նիստում արված ձայնագրությունը: Ըստ հնչեցվածի, ընդհանուր իրավասության դատարանը դատական նիստի ժամանակ պատասխանող-քաղաքապետարանի ներկայացուցչի պնդումը լսելով՝ թե «այս գործը հանդիսանում է վարչական գործ եւ ենթակա է քննության վարչական դատարանում, ուստի պետք է քննվի այնտեղ», խիստ առարկում է այդ պնդմանը, ասելով. «ինչպես կարող է աշխատանքից ազատելու վերաբերյալ գործը ընդդատյա լինել վարչական դատարանին, եթե ենթակա է վարչական դատարանին, բա ինչի՞ եք եկել ընդհանուր իրավասության դատարան»: Դատարանը հստակ շեշտում է. այս գործը վարչական գործ չէ, այլ՝ քաղաքացիաիրավական է եւ ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանում ու պետք է քննվի այստեղ, այլ ոչ թե վարչական դատարանում: Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Լ.Ստեփանյանի առարկության. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հրամանը հանդիսանում է վարչական ակտ եւ դրա հետ կապված վեճերը ենթակա են քննության «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառմամբ, որոնցով վարչական ակտը չեղյալ ճանաչելու իրավական կարգավորում կամ որեւէ նորմ նախատեսված չէ»:

Նաիրա Լմնցյանն այս դատական գործի վերաբերյալ դիմումներ է ուղարկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ վարչապետին` խնդրելով վերջիններիս հետամուտ լինել եւ օրինական միջոցներով թույլ չտալ, որպեսզի դատարանները կայացնեն ակնհայտ անօրինական դատավճիռներ:

Նաիրա Լմնցյանի ներկայացուցիչն է փաստաբան Լեւոն Կիրակոսյանը, որը մտադիր է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, եթե ներպետական ատյաններում շարունակվեն կայացվել ակնհայտ անօրինական վճիռներ:

Ի դեպ, Նաիրա Լմնցյանն ունի երկու բարձրագույն կրթություն՝ տեխնիկական կիբեռնետիկա եւ միջազգային հաշվապահություն:

Նա ունի երկու ուսանող երեխա, ընտանիքի միակ աշխատողն է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728