Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերականգնվել է քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը

Փետրվար 06,2019 13:30

Բանկն ավելի քան մեկ միլիոն դրամ է վճարել քաղաքացու իրավունքների խախտման համար

Հոր մահից հետո քաղաքացին օրենքով սահմանված կարգով ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, դիմել էր բանկին՝ ստանալու իր հոր եւ բանկի միջեւ կնքված ավանդային պայմանագրերի պատճենները։ Բանկն առանց պատճառաբանության մոտ 50 օր չէր տրամադրել պահանջվող փաստաթղթերը։ Իր իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքացին դիմել էր «Նորիկյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակ։ Երկու դրվագներով արձանագրված՝ քաղաքացու իրավունքների խախտումները վերացնելու համար 2017 թվականի աշնանը հայց էր հարուցվել ընդդեմ բանկի (թիվ ԵԿԴ/3593/02/17 քաղաքացիական գործ)։

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն տրամադրել պահանջվող տեղեկությունները, իսկ այդ ժամկետը խախտելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 ՀՀ դրամ։

Իր հերթին «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին 30 օրվա ընթացքում վճարել 300 000 ՀՀ դրամ։

Հայցվորը դատարանից խնդրել էր պարտավորեցնել բանկին տրամադրել պահանջվող տեղեկություններն ու փաստաթղթերը, իր իրավունքների խախտման համար վճարել 600 000 ՀՀ դրամ եւ 400 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

24.07.2018թ. դատարանի վճռի համաձայն հայցն ամբողջությամբ բավարարվել էր։ Դատարանը պարտավորեցրել էր բանկին տրամադրել հայցվորի պահանջած բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը, ինչպես նաեւ վճռել էր բանկից հօգուտ հայցվորի բռնագանձել 600.000 ՀՀ դրամ՝ որպես բանկի կողմից հայցվորի իրավունքների եւ գործարար վարվելակերպի կանոնների պահանջների խախտման պատասխանատվության գումար, 28.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, 400.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռը բանկի կողմից բողոքարկվել էր ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան, որի՝ 07.12.2018թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել էր, ընդհանուր իրավասության դատարանի 24.07.2018 թվականի վճիռը թողնվել անփոփոխ, միաժամանակ որոշվել է հօգուտ հայցվորի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ որպես վերաքննիչ դատարանում ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Ընդհանուր առմամբ՝ քաղաքացու իրավունքների խախտման համար բանկը վերջինիս վճարել էր 1 միլիոն 128. 000 ՀՀ դրամ։

Կարծում ենք, որ սա լավ նախադեպ է զսպելու համար որոշ բանկերի կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարումը։ Առկա օրենսդրությունը հնարավորություն է տալիս ոչ միայն վերականգնել բանկի ավանդատու հաճախորդի խախտված իրավունքներն ու օրինական շահերը, այլեւ 300 հազար դրամի չափով պատասխանատվություն է նախատեսում քաղաքացու իրավունքների խախտման համար։

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
«Նորիկյան եւ գործընկերներ»
փաստաբանական գրասենյակ

«Առավոտ» օրաթերթ, 

05.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728