Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես է մասնագետը «քանդակում» արտիստների մարմինները

Փետրվար 06,2019 13:00

Ժամանակին կոմպոզիտոր, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հետեւողական ու բծախնդիր էր ոչ միայն իր, նվագախմբի արտիստների, երգիչ-երգչուհիների ու հատկապես վերջիններիս հագուկապի, այլեւ մարմնի կազմվածքի նկատմամբ: Մաեստրոն սեփական օրինակով մշտապես հորդորում էր լինել ձիգ՝ «լավ մարզավիճակում»: Որոշ երգչուհիներ, այդ թվում՝ Լարիսա Դոլինան, Զառա Տոնիկյանը, ստիպված էին որոշ ժամանակահատված չմասնակցել համերգներին՝ հետեւելու համար իրենց արտաքինին: Այն տարիներին դեռեւս այսքան տեղեկատվություն չկար, օրինակ, թե ինչպես անել, որ գեր մարմինը դառնա սլացիկ: Երգչուհիները հիմնականում դիմում էին այստեղից-այնտեղից լսած խորհուրդներին: Հետեւելով դրանց, Զառա Տոնիկյանը մեկ ամսում այնքան նիհարեց, հյուծվեց, որ հայտնվեց հիվանդանոցում:

Մեր օրերում համացանցը ողողված է տարբեր գայթակղիչ հրապարակումներով, ասենք՝ «8 խորհուրդ, թե ինչպես ունենալ գեղեցիկ մարմին»… ավելին՝ «Գեղեցիկ մարմին՝ 6 րոպեում» եւ նման ոչ խելամիտ այլ առաջարկներով, այնուամենայնիվ, հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք, որ գեղեցիկ մարմին ունենալու համար կան պրոֆեսիոնալ մոտեցումներ: Իհարկե, տաղանդը՝ տաղանդ, բայց միանշանակ ակնահաճո է, երբ բեմում հայտնվում է հմայիչ երգչուհի կամ գեղեցիկ կազմվածքով տղամարդ: Այստեղ տեղին է մեջբերել Օրբելյանի խոսքերը, որ մինչ երգիչը կուլիսներից հասնում է միկրոֆոնի մոտ, նա արդեն արտաքինով պետք է գրավի հանդիսատեսին: Այսօր ունենք դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք բացարձակ չեն հետեւում իրենց արտաքինին, հույսը դնելով իրենց տաղանդի վրա:

Գեւորգ Թութունջյանն ու Գարիկ Պապոյանը:

«Առավոտի» զրուցակիցը բոդիբիլդեր, լողափային բոդիբիլդինգի Հայաստանի հնգակի բացարձակ չեմպիոն, Arnold Classic-ի Եվրոպայի առաջնության (2016թ.) եւ «Միստր Օլիմպիա» (2014)-ի լավագույն վեցյակում հայտնված, Վրաստանում 2015, 2016, 2017թթ. կայացած «Սեւ ծովի բաց առաջնության» 2-րդ մրցանակակիր, ծնունդով Սիրիայից Գեւորգ Թութունջյանն է, որին քանիցս հանդիպել ենք որոշ շոու-բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակներում եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին: Համակարծիք լինելով, որ բոդիբիլդինգը նույնպես կարելի է դիտարկել որպես մշակույթ, մեր զրուցակիցն ասաց. «Այո, բոդիբիլդինգը արվեստ է, այնպես՝ ինչպես քանդակագործը մտքի իր իդեալին քարի տեսքով է ներկայացնում, մենք էլ «քանդակում» ենք մարմիններ»: Հավելեց նաեւ, թե մարզչական իր աշխատանքի ընթացքում հասցրել է «բժշկել» որոշ դերասանների ու երգիչների մարմիններ: Առանց անուն բարձրաձայնելու հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում արվեստագետը 110 կիլոգրամից իջել է 83-ի: Ժպտալով էլ ասաց, թե անվճար խորհուրդ է տալիս՝ եթե չեն դիմում, ասենք՝ բոդիբիլդերին, ապա պարտադիր պետք է հաճախեն սպորտդահլիճներ, այնպես՝ ինչպես դա ընդունված է քաղաքակիրթ երկրներում, շեշտելով, թե ոչ միայն հանրային դեմքերին է ուղղում հորդորը, այլեւ մարդկանց ընդհանրապես: Հարցապնդմանը, թե՝ նշել մեկ-երկու ճանաչված արվեստագետի անուն, որ մարզվում են իր ղեկավարությամբ, Գեւորգ Թութունջյանը հայտնեց ընդամենը Արամ MP3-ի եւ Գարիկ Պապոյանի անունները:

Գեւորգ Թութունջյանը՝ Արամ MP3-ի հետ:

Զրույցի ընթացքում 28-ամյա բոդիբիլդերն ասաց, որ հայրենիքում հաստատվել է 2012 թվականից. «Արեւմուտքն օտար էր ինձ համար, իսկ հայրենիքում հաստատվելը միշտ եղել ու մնում է յուրաքանչյուր սփյուռքահայի երազանքը: Նշեմ նաեւ, որ Սիրիայում զբաղվել եմ թեթեւ ատլետիկայով, կոնկրետ՝ հեռացատկով: Հանդիսանում եմ այդ սպորտաձեւում Սիրիայի չեմպիոն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728