Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում նոր սկանդալ է հասունանում․ ըստ փոխքաղաքապետի՝ իրենք «պատերազմից» վախեցողներից չեն

Փետրվար 05,2019 23:55

Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ուշագրավ մի հայտարարություն արեց․ նա տեղեկացրեց, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրամանով վերջերս ստեղծվել է հանձնաժողով, որը պիտի զբաղվի քաղաքում, հատկապես կենտրոնում հողամասեր ձեռք բերած, բայց տարիներ շարունակ դրանք չկառուցապատած անձանց սեփականության իրավունքը օրենքով նախատեսված կարգով դադարեցնելու հարցով։

Վաղարշակ Մխիթարյանի ձևակերպմամբ՝ հանձնաժողովը ուսումնասիրելու է «քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող օտարված հողամասերը ոչ նպատակային, անարդյունավետ, համայնքի շահերին ոչ համահունչ օգտագործման պատճառները»։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են քաղաքապետարանի տարբեր բաժինների ղեկավարներ ու մասնագետներ։

«Հանձնաժողովին հանձնարարվել է ուսումնասիրել և ձեռնարկել կոնկրետ քայլեր համայնքի վարչական տարածքում հողօգտագործողների կողմից՝անկախ հողամասի նկատմամբ իրավունքներից, սեփականության ձևերից ՀՀ հողային օրենսգրքի 8-րդ, 110-րդ հոդվածներով ամրագրված պայմանների կատարումը չապահովելու, հողամասերը ոչ նպատակային, անարդյունավետ, համայնքի շահերից չբխող կոնկրետ փաստեր հայտնաբերելու և օրենքով նախատեսված միջոցառումներ ձեռնարկելու համար։

Բացատրեմ սրա էությունը․ ինչպես գիտենք Գյումրի համայնքում, հատկապես կենտրոնական փողոցներում կան մի շարք հողակտորներ, հողատարածքներ, որոնք տարիներ շարունակ անմխիթար վիճակում են, սեփականատերերի կամ վարձակալների կողմից չեն կառուցապատվել և համայնքի ճարտարապետական տեսքը խաթարում են։ Մենք նաև ուղղություն ենք վերցրել, որ Գյումրի քաղաքը տուրիստական քաղաքի վերածվի, ենթակառուցվածքները պիտի զարգացնենք, հետևաբար և մենք որոշել ենք՝ նման հանձնաժողով ստեղծելով միջոցներ ձեռնարկենք, որպեսզի տարբեր չօգտագործվող հողակտորները, որոնք սեփականատերերի կողմից չեն տնօրինվում, չեն կառուցվում, օրենքով նախատեսված միջոցառումներ իրականացնենք, այդ իրավունքը դադարեցնենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Նա մեջբերեց նաև սեփականության իրավունքի դադարեցման մասին «Հողային օրենսգրքի։ դրույթները, համաձայն որոնց՝ կարող են դադարեցնել դատական կարգով կառուցապատման համար տրամադրված հողամասը երեք տարի ժամկետում չօգտագործելու դեպքում, եթե պայմանագրով շինարարության ավարտի համար այլ ժամկետ չի նախատեսված, նաև այն դեպքում՝ եթե հողի հարկերը երեք տարվա ընթացքում չեն վճարել և 4-րդ տարում պարտքերը չեն փակել։

Փոխքաղաքապետը նշեց, որ դա բարդ, աշխատատար պրոցես է և անհատական մոտեցում պիտի ցուցաբերվի՝ հասկանալու պատճառները, թե նշված ժամկետում ինչո՞ւ չեն կառուցապատել։

Aravot.am-ը Վաղարշակ Մխիթարյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք նոր «պատերազմ» չի սկսվի քաղաքային նախկին իշխանավորների կամ նրանց հարազատների, ծանոթների հետ, քանի որ բոլորս էլ գիտենք, թե Գյումրու կենտրոնում ովքեր են կարողացել հողամասեր ձեռք բերել։

«Դրանք օրենքով նախատեսված գործիքակազմեր են, միջոցներ են, որոնք պիտի համայնքը ձեռնարկի։ Հիմա այն հասարակարգն ու ժամանակաշրջանը չէ, որ որևիցե մեկը փորձի համայնքի դեմ պատերազմ հայտարարի, այդ մտավախությունը չկա։ Նորից եմ կրկնում անհատական մոտեցում կցուցաբերվի, որոնք, իրոք, անբարեխիղճ են, նրանց նկատմամբ օրենքով նախատեսված միջոցներ կկիրառվեն։ Իսկ ով որ պարտավորություն կստանձնի արագ կատարելու, համայնքը միայն տրամադրված չէ բոլորից հետ վերցնելու, ուղղակի մեր հորոդն այն է, որ բոլորը իրենց պարտավորությունները կատարեն ժամանակին։ Իսկ թե կենտրոնում հողամասեր, հողակտորներ ձեռք բերողներն ովքեր են, իհարկե, բոլորս էլ գիտենք գաղտնիք չէ, ցանկն էլ կարող եք վերցնել ու ծանոթանալ»։

Միայն Գյումրու կենտրոնում 90-ից ավելի տարբեր պատճառներով չկառուցապատված հողամասեր կան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728