Հայերիս մոտ կա կարծրատիպ, որ կան մասնագիտություններ, որոնցով պետք է զբաղվեն միայն տղամարդիկ: Անտառապետի գործն էլ դրանցից մեկն է: Ասում են՝ այս մասնագիտությամբ աշխատելու համար պետք է տղամարդկային ուժ ու հաստատակամություն: Մինչդեռ լոռեցի Էմմա Գասպարյանը կոտրեց բոլոր կարծրատիպերը, դառնալով Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի անտառպետության կապուտաչյա տիրուհին:
Գուցե ֆիզիկական ուժով փոքր-ինչ զիջի տղամարդկանց, սակայն առաջին մասնագիտությամբ՝ դեղագործի, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ ագրարային արտադրության տնտեսագետի ու կառավարչի որակավորում ստացած Էմման, անտառապետի հմտություն դեռ տարիներ առաջ է սկսել ձեռք բերել՝ օգնելով անտառապետ հորը: Իսկ այս տարվա հունվարի 15-ից արդեն պաշտոնապես է սկսել շարունակել նրա գործը. «Սիրում եմ գյուղատնտեսության ոլորտը, բնությունը: Եթե ուշադիր լինենք, կհասկանանք, որ բնությունը շատ նուրբ աշխատանք է, հենց կնոջ աշխատանք է: Որ ասում են տղամարդու աշխատանք է, ո՛չ, հենց կնոջ աշխատանք է, եթե նրբորեն մոտենաս դրան: Երբեւէ մտքովս չի անցել, բայց մեծ ուրախությամբ եմ շարունակում: Գյուղատնտեսության ոլորտը շատ եմ սիրում, հայրիկիս հետ բազմիցս եմ մասնակցել ծառատնկման աշխատանքներին: Քանի որ եղավ նման հնարավորություն, ասացի ինչու՞ չաշխատեմ»:
Թեեւ դեռ փոքր տարիքից կապված է եղել հայրենի հող ու ջրի, սարերի ու անտառների հետ, սակայն Էմմայի մտքով երբեւէ չի անցել, որ մի օր կստանձնի այդ ամենը հսկելու ու պահպանելու պատասխանատու աշխատանքը: Գործում Էմմայի առաջին օգնականը հայրն ու նրա տված խորհուրդներն են. «Քանի որ սա իմ հոր աշխատանքն է, պատվով եմ շարունակելու այն: Անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի արդարացնեմ, թե՛ տնօրինության, թե՛ հորս, եւ որ ամենակարեւորն է՝ ազգաբնակչության սպասելիքները: Հայրս ամեն օր ասում է՝ աշխատողներին բարեխղճորեն մոտեցիր: Սակայն ինչքան բարի ես, այդքան էլ խստորեն մոտեցիր աշխատանքին: Ամեն օր իր խորհրդով եմ շարժվում: Ինձ այս աշխատանքում օգնում է եւ՛ ժպիտը, եւ՛ խստությունը: Տեղ կա, պետք է ժպտաս, տեղ էլ կա, պետք է խիստ»:
Մարգահովիտի անտառապետությունը բաղկացած է 8 պահաբաժիններից: Իսկ անտառապետի աշխատանքը սկսում է առավոտյան ժամը 9-ին: Նախ անտառապահների հետ միասին քննարկում են առօրյա աշխատանքները, խնդիրները, ապա անցնում գործի:
17 տարի շարունակ նույն աշխատանքը կատարել է Էմմայի հայրը՝ Ժորա Գասպարյանը: Անտառապետ դառնալու մասին նա նույնպես երբեւէ չի մտածել, սակայն ի վերջո ոչ միայն ինքը հսկեց Մարգահովիտի անտառները, այլ նաեւ աղջկան վստահեց անտառների պահպանությունը. «Ես սարսափում էի այս գործից: Մութ ու ցուրտ տարիներն էին, որից հետո բավականին անտառապետեր ընկան ֆինանսական մեծ հարվածների տակ: Ապօրինի ծառահատումների համար՝ որոշ մարդիկ նույնիսկ դատվեցին: Ինձ այս գործը, որ առաջարկեցին, չէի ցանկանում, վախենում էի օրենքից: Բայց սկսեցի աշխատել, եւ առաջին հերթին մարդկանց հետ բացատրական աշխատանքներ տարա: Իսկ աշխատողներին ասեցի, որ պետք է իմ պայմաններով աշխատեն, եթե համաձայն են՝ կաշխատեն, եթե ո՛չ՝ ոչ: Բայց իրենց հորդորեցի, որ մնան»,- ասում է նախկին անտառապետը:
Մնացին ու հիմա էլ աշխատում են Էմմայի հետ: 17 տարվա անտառապահ Ժորա Գասպարյանն ասում է՝ հպարտ է, որ հենց աղջիկն է շարունակում իր գործը: Վստահ է՝ հայրենի գյուղի անտառները դեռ երկար տարիներ են շարունակելու գտնվել հուսալի ձեռքերում. «Անտառապահների հետ շրջագայությունների ժամանակ մշտապես աղջիկս էր գալիս ինձ հետ: Հատկապես երեկոյան ժամերին շրջում էինք անտառներով: Ես գիտեմ, որ այսօր այն վտանգավոր բան չկա, որովհետեւ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում: Եթե մի հատ գողություն, ծառահատում լինի, ուրեմն անտառապահն ու անտառապետն էլ կապ ունեն: Կարող է եզակի դեպք լինի, որ իրենք չիմանան: Ես գիտեմ, որ եթե մարդ ամեն օր իր աշխատանքի վայրում լինի, ոչինչ էլ չի լինի: Դրա համար խորհուրդ տվեցի, որ աղջիկս շարունակի: Քանի որ ինքն սիրում է այս գործը, ես էլ իր համարձակության ու սկզբունքայնության վրա հենվեցի, խորհուրդ տվեցի, որ աշխատի: Իսկ ես միշտ կօգնեմ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ