Ռուսաստանի տարածքում արգելափակված հայկական կայքերի քանակն արդեն հասնում է շուրջ մեկ տասնյակի՝ նրանց շարքում են «Հետքը», «Հայկական ժամանակը», «Այսօր»-ը, «Անկախը» եւ այլն: Արգելափակումը վերացվել է միայն երկուսի դեպքում, որոնք կատարել են «Ռոսկոմնադզորի» միջոցով հայկական կայքերին փոխանցված մոսկովյան դատարանի պահանջը՝ հեռացնել Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ հիշատակումները:
Հիշեցնենք, որ «Առավոտը» չէր կատարել այդ պահանջը՝ հեռացնել կայքից Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ճեպազրույցի մասին հրապարակումը: ԱԳ փոխնախարարից ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 2018-ի հունվարի 11-ի նիստից հետո խորհրդարանական լրագրողները մեկնաբանություն էին խնդրել այն փաստի առնչությամբ, որ Հայաստանի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Ռուբեն Թաթուլյանը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած ցանկում՝ մի խումբ անձանց և կազմակերպությունների, որոնք կապ ունեն կազմակերպված հանցավորությունների և օրենքով գողերի հետ:
Պահանջը չկատարելուց հետո մեր կայքի ռուսերեն տարբերակը՝ https://www.aravot-ru.am/-ը, շուրջ մեկ շաբաթ առաջ արգելափակվեց Ռուսաստանի տարածքում:
Սակայն այս վիճակում այսօր նորից ենք նամակ ստացել «Ռոսկոմնադզորից», որը վերաբերում է հենց այդ՝ ԱՄՆ ցանկի վերաբերյալ հրապարակմանը: Դարձյալ վկայակոչելով 2017-ի հունվարի 17-ին Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշումը՝ «Առավոտից» պահանջում են մեկ օրվա ընթացքում հեռացնել այդ հրապարակման մեջ Ռուբեն Թաթուլյանի անվան հիշատակումը՝ այլապես սպառնալով եռօրյա ժամկետում արգելափակել մեր կայքը Ռուսաստանի տարածքում:
Հիշեցնենք՝ 2017-ի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր մի խումբ անձանց և կազմակերպությունների անուններ, որոնք կապ ունեն կազմակերպված հանցավորության և օրենքով գողերի հետ: Հրապարակման մեջ նշվում է, որ ցուցակում տեղ գտած երեք անձ՝ Գաֆուր Ռահիմովը, Ալիմժան Տոխտախունովը (Թայվանչիկ) և Ռուբեն Թաթուլյանը, կասկածվում են օրենքով գողերին ֆինանսավորելու մեջ: Ցուցակում էին հայտնվել Թաթուլյանի հետ առնչություն ունեցող երկու կազմակերպություններ: Այդ ցուցակում տեղ գտած անձանց մուտքն ԱՄՆ տարածք արգելվում է, նրանց ակտիվները ԱՄՆ տարածքում սառեցվում են, նաև արգելվում է ԱՄՆ քաղաքացներին բիզնես վարել նշված անձանց և կազմակերպությունների հետ:
Մեր ռուսերեն տարբերակում այս առնչությամբ վերահրապարակվել էր «Ամերիկայի ձայնի» լուրը:
Եվ հիմա արդեն ուղղակի առնվազն հետաքրքիր է դառնում հետեւել ու տեսնել, թե ինչպես է «Ռոսկոմնադզորն» արգելափակելու արդեն իսկ արգելափակված կայքը:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ