Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հենրիկ Էդոյան. «Պոետի մի քանի տողն ավելի շուտ է հասնում Աստծուն»

Փետրվար 05,2019 22:15

Փետրվարի 5-ին Հենրիկ Էդոյանի հետ «Զանգակ» գրատանը կայացած հանդիպումը յուրահատուկ էր: Ներկայացվեց պոետի վերջին գիրքը՝ «Լույսը ձախ կողմից»: Գրականագետ Հայկ Համբարձումյանը հեղինակին հարց տալուց առաջ կանգ առավ գրքի շապիկին զետեղված բանաստեղծության վրա, որտեղ բանաստեղծը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է քնարերգությունը եւ ո՞ւմ համար է այն նախատեսված: Նրա խոսքով, համաշխարհային գրականության մեջ չկա մի բանաստեղծ, որ իրեն այդ հարցը տված չլինի:

«Պետք է Աստծուն հարցնել այդ մասին….Մի անգամ հարցրի, ասաց, թե ինչի համար… Ինքը չի սիրում զիգզագներ, սյուժեներ, պատմություններ…Սիրում է խոսք, այն խոսքը, որն արարչագործության սկիզբն է: Իսկ քնարերգությունը կամ հունարեն ասած՝ լիրիկան ես համարում եմ մարդկային լեզվի բարձրագույն դրսեւորումը: Լեզուն էլ տիեզերական գաղտնիք է, միասնական երեւույթ, ամեն ինչ տրված է լեզվի մեջ…

Գրողներ կան, որոնք հզոր են բոլոր ժանրերում, բայց առաջին հերթին բանաստեղծ են… Օրինակ, Գյոթեն 122 հատոր է գրել, բայց Գյոթեի մասին խոսում են որպես պոետի, լիրիկ բանաստեղծի: Քնարերգության մեջ մարդ ինքն է խոսում, ինքն իր անունից, չմիջնորդավորված…Ինչքան էլ Աննա Կարենինան հանճարեղ վեպ է, բայց պոետի մի քանի տողն ավելի շուտ է հասնում Աստծուն…Լիրիկան, թերեւս, կարող է մրցել միայն երաժշտության հետ, որովհետեւ լիրիկան բառերի մեջ դրված երաժշտություն է, իսկ երաժշտությունը բառերից ազատված լիրիկան է»,- ասաց Հենրիկ Էդոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Բանաստեղծը պատասխանեց այն հարցին, թե ո՞ւմ համար են գրում պոետները. «Ժամանակակից աշխարհում աբսուրդ է թվում նստել ու բանաստեղծություն գրելը..Կասեն՝ մեծ մարդ է, քանի տարի ապրել է, ու հիմա նստել ու բանաստեղծություն է գրում…ո՞ւմ համար: Աստված գիտի, թե ում համար… Բայց գրում ես, աշխարհի հիմքը կամքն է, ցանկությունը, մի բան անում ես, ցանկանում ես, ուզում ես քայլել՝ վեր ես կենում ու գնում ես, հո չե՞ս մտածում՝ ոտքս ինչպես շարժեմ…Ցանկանում եմ, գրում եմ, չցանկանամ՝ չեմ գրի…»:

Մանրամասները` տեսանյութում:

Հենրիկ Էդոյանն ասում է, որ բոլոր մարդկանց մեջ ընդհանուր մի բան կա՝ անտեսանելի մարդը. «Այդ մարդուն ոչ մեկ չի տեսել, մենք իրար ենք տեսնում, բոլորս այդ անտեսանելի մարդու մի ճառագայթն ենք, մի անձնավորումը, բայց այդ անտեսանելի մարդը բոլորիս մեջ է, գործում է մեր մեջ…

Մարդկային ինչքան դեմքեր կան, հազարավոր սերունդներ են եղել, հազարավոր դեմքեր են եղել, բոլորս այդ անտեսանելի մարդու ծառաներն ենք: Ու երբ գրում ես, չպետք է չարչարվես այն մտքից, թե կարդացող չի լինի, դարն այսպիսին է…Իրականում, երբ բոլորս աշխատում ենք, գիտենք, թե ինչն ինչոց է, գիտենք, որ մեր թիկունքում մի շնչառություն կա՝ այ այնտեղից (ձեռքը վերեւ է պարզում-Գ.Հ)…Մեր արվեստի պատմության լավագույն գործերը նրանք են, որ գնում են այնտեղ ու վերադառնում…Լիրիկայի միջոցով այնպիսի ինֆորմացիա է արտահայտվում, որն արտահայտվելու այլ միջոց չունի»:

Հենրիկ Էդոյանի ձեւակերպմամբ. պոեզիան ամեն ինչ գիտի, բայց ինքն իրեն չգիտի. «Հմայքն էլ հենց այդտեղ է: Դրա համար, երբ մտնում ես պոեզիայի խորքերը, հասնում ես բարձրագույն աշխարհներ ու ոլորտներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728