Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»:
Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումն կհաստատի վերոգրյալը: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և ստուգել դրանք հրապարակելուց առաջ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հ. Գ. Հիշեցնենք, որ ոստիկանությունը 2008 թվականին հաղորդել էր. «Հունիսի 11-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Դավիթաշեն-Եղվարդի խճուղում գտնվող S.V. հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 1970 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանին: Բերման ենթարկելու ընթացքում վերջինս գրպանից գցել է «Մալբորո» սիգարետի տուփ, որի մեջ կար 2 թղթե փաթեթ` 0,4 գ եւ 0,6 գ սպիտակ փոշու զանգվածով:
Միաժամանակ հյուրանոցային համալիրի նույն սենյակում գտնվող, 1962 թ. ծնված, նախկինում դատված Հայկ Թ.-ի գրպանից, անձնական զննությամբ, հայտնաբերվել է տարբեր մլ տարողության մեկանգամյա օգտագործման չօգտագործված 4 ներարկիչ, մեկանգամյա օգտագործման ներարկիչի չօգտագործված 9 ասեղ, 1 հատ 2 մլ-ոց ներարկման ջրով սրվակ, 2 դեղահաբ` վրան գրված «ԴԱՐՆԻՑԱ»:
Նշված վայրից Գ. Մելիքյանը, Հայկ Թ.-ն, 1972 թ. ծնված, նախկինում դատված Երվանդ Կ.-ն, 1985 թ. ծնված Գրիշա Թ.-ն, 1979 թ. ծնված, նախկինում դատված Թադեւոս Փ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ, որտեղ, անձնական խուզարկությամբ, Գ. Մելիքյանի մոտից հայտնաբերվել եւ առգրավվել է արծաթագույն թիթեղի մեջ փաթեթավորված 0,3 գ կշռով ափիոնանման մուգ շագանակագույն զանգված:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Գ. Մելիքյանը, Հայկ Թ.-ն, Երվանդ Կ.-ն, Գրիշա Թ.-ն եւ Թադեւոս Փ.-ն ուղարկվել են նարկոլոգիական դիսպանսեր:
Կատարվում է հետաքննություն»:
Այսօր ֆեյսբուքյան էջերից մեկում հրապարակվել էր բացահայտում, որ այդ Գրիշա Թ.-ն եղել է Գրիշա Թամրազյանը: