Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, առաջիկա կառավարության նիստին Շիրակի մարզպետ կնշանակվի «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով մոտ 4600 ձայն հավաքած Տիգրան Պետրոսյանը։
Նա ծնվել է 1979 թվականին, դասավանդում է Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Շիրակի պետական համալսարանում, աշխատում է նաև «Հայկական Կարիտաս» Բ/Կ-ում՝ որպես շահերի պաշտպանության մասնագետ։
Տիգրան Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մի փոքր էլ համբերություն, վաղն առավոտյան կառավարության նիստի օրակարգն էլ կհաստատվի, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»։
Հիշեցնենք, որ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն անչափ շահագրգիռ էր մարզպետի պաշտոնում տեսնել իր տեղակալ Վարդան Գրիգորյանին։ Կառավարությունում տևական ժամանակ քննարկվում էր թեկնածուների հարցը․ պարբերաբար նոր անուններ էին ի հայտ գալիս, օրինակ՝ վերջին շրջանում խոսվում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Վահրադյանի հնարավոր նշանակման մասին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տիգրան Պետրոսյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից
Բայց ինչու՞ չեք նշում,թե Տիկօյի հայտնի պապան ով է:Թող բոլորն իմանամ ում տղուն են դրել մարզպետ: