Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բողոքի ցույցն այսօր շարունակվել է: Հիշեցնենք, գյուղացիների մի մասը պայքարում է գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին պաշտոնանկ անելու համար: Զարզանդ Գրիգորյանը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է եւ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին։ Սակայն Հրանտ եւ Զարզանդ Գրիգորյանների հարաբերությունները հորեղբայր Մանվելի հետ լարվել էին դեռ 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանը որոշում էր կայացրել`անցնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբար: Հետո Մանվել Գրիգորյանն իհարկե հայտնվեց Սերժ Սարգսյանի թիմում եւ դարձավ պատգամավոր, բայց հարազատների հետ նրա հարաբերությունները շարունակում էին մնալ լարված:
Զարզանդ Գրիգորյանի դեմ պայքարը սկսվել է դեռ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» օրերին: Ցույցերն արդեն հինգերորդ օրն է, ինչ վերսկսվել են: Երեկ կեսօրից հետո բախում էր եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Միջադեպը սկսել էին ոստիկանները` հարձակվելով գյուղապետարանի շենքը շրջափակած ցուցարարների վրա: Ըստ ականատեսների, 200-ից ավել ոստիկաններ էին: Նրանք 4-5 հոգով հարձակվում էին առանձին ցուցարարների վրա, ոտքերից ու ձեռքերից բռնում ու տանում դեպի մեքենաները:
Այսօր բողոքի ցույցը շարունակվել է: Բայց արդեն խաղաղ: Ցուցարարները ոստիկանությունների հետ պայմանավորվել են` իրար չեն խանգարում: «Մենք մեր բողոքն ենք իրականացնում, իրենք իրենց ծառայությունը`պետական շենքի անվտանգությունն են ապահովում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից մեկը: Բողոքի ցույցերը շարունակվելու են, ինչպես արշալույսցիներն են պնդում, մինչեւ արդյունքի հասնեն: Ամեն օր, առավոտյան 8.00-17.00-ն ցույցի մասնակիցները շրջափակելու են գյուղապետարանի շենքը` թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել եւ աշխատել: Այսօր գյուղապետարանի աշխատակիցներն արդեն աշխատանքի չէին էլ եկել:
Այս ընթացքում նախկին ԲՀԿ-ական մարզպետ Գագիկ Միրիջանյանի պաշտոնավարման շրջանում, Արշալույսի եւ մարզի այլ գյուղերի գյուղապետարաններում ստուգումներ իրականացվեցին: Ստուգումների արդյունքում քրեական գործեր հարուցվեցին: Որոշ գյուղապետեր ինքնակամ հրաժարականի դիմումներ ներկայացրեցին: Զարզանդ Գրիգորյանը չգնաց այդ ճանապարհով: Արշալույսցիները ստորագրություններ հավաքեցին, փոխանցեցին այդ ժամանակվա մարզպետին`գյուղապետի հրաժարականի պահանջով: Քաղաքական իրադրության փոփոխության արդյունքում մարզպետ Գագիկ Միրիջանյանը հրաժարական տվեց, արշալույսցիների խնդիրը մնաց:
Արշալույսի գյուղապետարանի մասով 20-ից ավել քրեական գործեր կան հարուցված: Արշալույսցիները, դժգոհ են`գործերի դանդաղ ընթացքից: Անցած տարեվերջին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արմավիր այցելության ժամանակ, փակեցին ճանապարհը եւ իրենց խնդիրը ներկայացրեցին վարչապետին:
Նիկոլ Փաշինյանը արշալույսցիներին հորդորել էր, եվս մեկ ստորագրահավաք իրականացնել եւ այս անգամ փաստաթղթերը փոխանցել իրեն` կառավարություն: Արդեն հունվար ամսին, հետտոնական օրերին, արշալույսցիները 749 ստորագրություն` Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով, գյուղի բնակչության 50-ից ավել տոկոս, անձնագրային տվյալներով, բերել եւ հանձնել են կառավարություն`վարչապետի հետ պայմանավորվածության համաձայն:
Ի դեպ, արդեն երկրորդ ստորագրահավաքից հետո, Զարզանդ Գրիգորյանը, ըստ տեղացիների, «հաշվեհարդար» է տեսնում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ստորագրել են իր հրաժարականի պահանջի տակ: Մասնավորաբար, տարբեր ջերմոցատերերի, տարբեր չափի տուգանքներ է գրել`տարբեր պատճառաբանություններով, ավտոլվացման կետի տիրոջն էլ տուգանել է 400 հազար դրամով`առանց գյուղապետարանի թույլտվության`ավտոլվացման կետին կից շինություն կառուցելու համար եւ այլն:
Բողոքի այս ալիքով, արշալույսցիները հույս ունեն, որ տարածքային կառավարման նախարարը, անգամ վարչապետն իրենց կլսի եւ հարցն, ի վերջո, լուծում կստանա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ