Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որտեղի՞ց կիմանայի, որ երկու ոստիկանի իրենք սպանեցին». Պատանդ բուժքույրը հերքում է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը

Փետրվար 05,2019 20:30

Այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին, որտեղ հարցաքննության էին հրավիրել ՊՊԾ գնդում պատանդառված բուժքրոջը՝ Մալինա Մարգարյանին, վերջինս, ինչպես արդեն հայտնել ենք, հակասական ցուցմունք տվեց:

Նա դատարանում վստահեցնում էր, որ իրենք՝ բուժանձնակազմը ՊՊԾ գնդի տարածքում ազատ է եղել ու իրենց չեն հսկել: Դատավորը հարցրեց՝ ՀՔԾ-ում, երբ հարցաքննել են, քննիչը ճնշո՞ւմ է գործադրել իր վրա, որ այդպիսի ցուցմունք տա, բուժքույրը պատասխանեց, որ ոչ, մինչդեռ ՀՔԾ-ին տված ցուցմունքը էապես տարբերվում էր դատարանում նրա հայտնածից:

Դատարանում բուժքույրը «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին խոսելիս անընդհատ ասում էր՝ տղաները, տղերքը, մինչդեռ ցուցմունքում գրել է՝ զինյալները: Բուժքույրն ինքն էլ զարմացավ, երբ ասացին այդ մասին, նա վստահեցրեց, որ դա իր բառը չէ, ինքը նման բառ չի ասել: Բացի այդ, երբ դատարանում հրապարակվեց իր նախաքննական ցուցմունքը, որտեղից ստացվում էր, որ հուլիսի 29-ին ինքը գիտեր, որ երկու ոստիկան է սպանվել: Անդրիաս Ղուկասյանը հարցրեց՝ «Դուք որտեղի՞ց գիտեիք, որ երկու ոստիկան է մահացել՝ 29-ին ո՞նց կարող էիք իմանալ»՝ բուժքույրը նկարագրեց այն դրվագը, թե որտեղից ու ինչ հանգամանքներում է իմացել սպանված ոստիկանների մասին.

«Ռացիայով դրսից հաղորդում էին, որ տղաներ, էս ի՞նչ արեցիք, ոստիկանների սպանություն է եղել: Էդ ձեւով եմ լսել: Ցույցերի ժամանակ՝ 29-ի գիշերվա ժխորի ժամանակ ՊՊԾ գնդի ներսի տղաները կապվեցին մեկի հետ, իրեն դիմում էին՝ «պարոն մայոր»-ով, ներսից կրակոցներ չեն եղել: Ես լսեցի, որ այդ պարոն մայորը ռացիայով տղաներին ասում էր, որ ոստիկան խփեցիք, ոստիկան մահացավ, տղաներն էլ այստեղից պատասխանում էին, որ մեր մոտից կրակոցներ չկան, մենք ոչ մի ոստիկանի չենք խփել, ի՞նչ ոստիկան ենք մենք խփել: Երբ դրսում աղմուկ-աղաղակ, ժխոր էր, ներսում կարծեմ Արայիկ Խանդոյանն էր, տղաներին անընդհատ ասում էր՝ տղաներ, հանկարծ ոչ մի կրակոց ներսից չպիտի լինի, խելոք զենքերը վայր դրեք, ոչ մի կրակոց չլսեմ, չլինի՛ ոչ մի կրակոց, հանգիստ պահեք ձեզ: Չեմ հիշում ով էր, մթության մեջ  չէր երեւում, բայց ներսից մեկը անընդհատ ասում էր՝ տղաներ, ոչ մի կրակոց, ոչ մի ավելորդ բան չլինի, ոչինչ չանեք: Ես չգիտեմ էդ սպանությունը, երբ եղավ, ոնց եղավ, ինչ եղավ»:

Անդրիաս Ղուկասյանն ընթերցեց նախաքննական մարմնին բուժքրոջ տված ցուցմունքը, ըստ որի հարցին, թե ՊՊԾ գնդի զինված անձանցից որեւէ մեկը ձեզ կամ «Շտապօգնության» ՓԲԸ աշխատակիցներից որեւէ մեկին նվաստացրե՞լ են, որեւէ բռնություն գործադրե՞լ են, ինչին ի պատասխան ասել էր, որ «որեւէ բռնություն չեն գործադրել մեր նկատմամբ, չեն վիրավորել, չեն նվաստացրել, սպառնալիքներ մեր հասցեին չեն եղել, նշեմ, սակայն, որ նրանց մոտ միայն զենքի առկայությունը մեզ համար արդեն իսկ իրական սպառնալիք էր, չնայած նրան, որ նրանք մեզ իրական սպառնալիքներ չեն տվել ու չեն ասել, որ մեզ կվնասեն, առավել եւս, երբ նրանք երկու ոստիկանի արդեն իսկ սպանել են»:

Բուժքույրը, լսելով իր իսկ ցուցմունքը, զարմացավ ու բորբոքվեց՝ «Ես որտեղի՞ց գիտեմ, որ առավել եւս ոստիկանին սպանեցին, ես որտեղի՞ց կիմանայի դա, որ երկու ոստիկանի իրենք սպանեցին»: Դատավորն ասաց, որ դա ձեր պատասխանն է, բուժքույրը հակադարձեց. «Ես չգիտեմ, դա որտեղի՞ց պիտի իմանայի ես: Ժխորի ժամանակ ռացիայով դրսից տղաների հետ կապվեցին, ասեցին՝ էս ի՞նչ արեցիք, ոստիկան զոհվեց, նրանք էլ ներսից պատասխանում էին՝ ի՞նչ ոստիկան մենք սպանեցինք, մեր մոտից կրակոց չկա…Ներսից՝ տղաներից կրակոցներ էդ օրը չի եղել, չեմ լսել»:

Հարցին՝ որպես տուժող համաներմանը դե՞մ կլինեք՝ նա պատասխանեց, որ ես չեմ առարկում, համաներումը մարդիկ ստացել են՝ թող ստանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728