Գյումրիում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Բալասանյան ընտանիքին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան փակվելու է։ Վերջերս էլ ակտիվացել են խոսակցությունները, թե Գյումրու քաղաքապետի ընտանիքն իր այս բիզնեսը տեղափոխելու է Դուբայ։
Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետը տարեվերջյան ասուլիսի ժամանակ դժգոհել էր, թե ալրային և շաքարային հրուշակեղենի հետ կապված խնդիր է առաջացել Հայաստանում․ ուկրաինական և ռուսական շաքարային հրուշակեղենը խայտառակ էժան գներով են ներկրում Հայաստան, որից տուժում է տեղական արտադրողը՝ ինչպես «Անուշարանն», այնպես էլ «Գրանդ Քենդին»։ Գյումրու քաղաքապետը նաև ասել էր․ « Հնարավոր չէ այդ ինքնարժեքով, որն այսօրվա դրությամբ ստանում է, կարողանա շահագործել»։
Այսօր Սամվել Բալասանյանն Aravot.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հրուշակեղենի գործարանը Դուբայ տեղափոխելու և արտոնյալ պայմաններով աշխատելու մասին պտտվող լուրերին ու հրապարակումներին, ասաց․ «Ի՞նչ Դուբայ, աբսուրդի հասնող բան է․․․ Լավ էլի, չես հասկանում ի՞նչ են բզզում «Անուշարան»-ի հետ կապված, որևէ խնդիր չկա տեղափոխման։ Մենք 60 աշխատատեղ ունենք, մեկ էլ իմանում ես, որ ոչ թե 60 է, այլ 600, եթե 600 աշխատատեղ ստեղծած լինեինք, վստահ եմ, կսարքեին 6000։ Գյումրիում 600 աշխատատեղ ունեցող գործարան կա՞»։
Նշենք, որ Գյումրու կենտրոնում գտնվող «Անուշարան» անվանումը կրող սրճարանը, որը դարձյալ պատկանում է Բալասանյան ընտանիքին ու այստեղ մատուցվում և նաև վաճառվում է հրուշակեղենի ֆաբրիկայի արտադրանքը, բնականոն գործում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ