Մեր տեղեկություններով քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներին արդեն ծանուցել են ներման խնդրագրերի պատասխանները։ Հետաքրքիր է որ 133 հոգուց ներում է շնորհվել ընդամենը 2 հոգու։
Ընդ որում՝ ներվածներից մեկի պատիժը 9 տարի 9 ամսից կրճատվել է մեկ տարի վեց ամսով։ Ներված դատապարտյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 104 եւ 235 հոդվածների առաջին մասով՝ դատապարտվելով 11 տարվա ազատազրկման՝ 2012 թ-ի հոկտեմբերի 23-ին։ 2018 թվականի համաներմամբ պատժաչափը կրճատվել էր 9 ամսով։
Մյուս դատապարտվածը 2016թ-ի սեպտեմբերի 13-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով։ Պատիժը՝ 6 տարի ազատազրկում։ Նրան ներումով պատժի չկրած մասը կրճատվել է մեկ տարով։ Դատապարտյալների հարազատների խոսքերով՝ նրանք խիստ հիասթափված են իշխանությունների նման քայլից։
«Մեծ հույսեր ունեին։ Հիմա լրիվ կոտրվեցին»,-ասացին նրանք։
Հիշեցնենք, որ մերժում ստացած դատապարտյալները ներման խնդրանքով կարող են կրկին դիմել մեկ տարի անց։
Հ.Գ. Օրենքի պահանջից ելնելով չենք հրապարակում ներվածների կամ մերժվածների անունները։
Ի դեպ, ներում խնդրել էին նաեւ մոտ երկու տասնյակ կին դատապարտյալ, որոնք նույնպես մերժվել են։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ