Սույն թվականի փետրվարի 5-ին Հանրային բնապահպանական դատարանը քննեց «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը՝ ըստ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի դիմումի: Գործը քննեցին դատավորներ՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Դիմումատու Լևոն Գալստյանը նշեց, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրային ռեսուրսների գերշահագործման հետևանքով արձանագրվել է հետևյալը պատկերը.
- Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից:
- Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակների նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու-կենցաղային և/կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր շատրվանող չէ:
- Մասիսի տարածաշրջանում մակարդակների նվազում 3,9-15 մետրով, ինչն էլ ուղեկցվում է ջրերի ծախսի 43,7-198 լ/վրկ նվազումով:
- 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:
- Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք շատրվանող չէ:
- Ջրի նվազող պահանջարկը բավարարելու նպատակով տարբեր տարիներին Սևանա լճից տարեկան 50-170 մլն. խմ ծավալով լրացուցիչ ջրի բացթողում, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը:
- Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ, ինչն էլ կառաջացնի ոչ միայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, այլ նաև կնպաստի արտագաղթի նոր ալիքի բարձրացմանը:
«…Տարիների ընթացքում տրամադրել են սահմանվածից ավելի ջրօգտագործման թույլտվություններ, չեն վերահսկել ջրառը Արարատյան դաշտում՝ ինչն էլ հենց պատճառ է հանդիսացել նշյալ տարածքում վերոնշյալ էկոլոգիական աղետալի վիճակի առաջացման համար:
Դիմելով Հանրային էկոլոգիական դատարան հուսով եմ, որ ձեր կողմից կիրականացվի լրիվ, օբյեկտիվ և անաչառ քննություն, և միջոցներ կձեռնարկվեն օրինախախտ պաշտոնյաներին՝ թե ներկայիս, թե նախկին, քրեական պատասխանատվության ենթարկելու և ՀՀ հասցված էկոլոգիական և տնտեսական վնասները վերականգնելու ուղղությամբ», – ասաց Լևոն Գալստյանը:
Որպես տուժողներ հանդես եկան «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը, Արարատի մարզի բնակիչ Հայկանուշ Հովհաննիսյանը, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:
Արարատի մարզպետարանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից խնդրի կարգավորմանն ուղղված միջոցառումները՝ մասնավորապես նշեց, որ 2016 թ-ին ՀՀ նախագահի կողմից հրահանգ է եղել կրճատել ջրօգտագործման ծավալները: 2017 թ-ին ՀՀ վարչապետի 413-Ն որոշման համաձայն մշակվել է միջոցառումների ծրագիր Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայման ու խորքային հորերի հնարավորինս կոնսերվացման համար: Իսկ մոտ 10 օր առաջ ՀՀ կառավարության աշխատակազմից Արարատի և Արմավիրի մարզպետարաններ, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և բնապահպանության նախարարություններին ուղարկվել է գրություն Արարատյան դաշտի արտեզյան ջրային ռեսուրսների առկա վիճակի վերլուծություն և վերականգնման ծրագրերի նախագիծ կազմելու վերաբերյալ:
Դատարանը, լսելով կողմերին, ՎՃՌԵՑ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ.
- Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն:
- Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն պաշտոնատար անձանց, ում ստորագրություններով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք առաջացրել են էկոհամակարգային հավասարակշռության խախտում և ջրային ռեսուրսի գերնորմատիվային սպառում, մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակությունների նվազում և որակի վատթարացում:
- Դիմել ՀՀ Դատախազություն`
– Արարատյան արտեզյան ջրավազանի ջրի օգտագործման անօրինական թույլտվություններ տված պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով:
- Դիմել ՀՀ Վարչապետին` խնդրելով հանձնարարել հետևյալ գերատեսչություններին`
ա) ՀՀ բնապահպանության նախարարությանը.
- չկատարել ջրերի բաշխում, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին /«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդ., 2-րդ մաս /:
- Դասակարգել Արարատյան դաշտի խորքային ջրերն ըստ օգտագործվող գործառույթի և կարգավիճակի /ՀՀ Ջրային օրենսգիրք, 10-րդ հոդ., 4-րդ մաս/
- Մշակել Արարատյան հարթավայրում շրջանառու կամ կրկնակի ջրօգտագործման համակարգի անցման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց (ըստ տարիների սկսելով խոշոր ջրօգտագործողներից (300լ/վրկ և ավել ջրօգտագործում): Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 31-ի թիվ 216 որոշումը և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, չեղյալ համարել թույլտվություն ունեցող, սակայն դեռևս չհորատված խորքային հորերի հորատման թույլտվությունները:
- Կոնսերվացնել կամ լիկվիդացնել առկա տիրազուրկ հորերը:
- Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի քանակները՝ դրանք համապատասխանեցնելով փաստացի ձկան քանակության նորմատիվ պահանջներին:
- Մշակել և ներդնել ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջուրը ոռոգման նպատակներով օգտագործման համակարգ, կամ ջրօգտագործման շրջանառության համակարգ:
բ) ՀՀ ազգային անվտանգության խորհրդին առաջարկել.
- Քննության առարկա դարձնել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրի մակարդակի նվազման ազդեցությունը՝
– անապատացման և դրանից բխող ռիսկերը;
– Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ռիսկերը;
– պարենային անվտանգության ռիսկերը:
գ) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեին.
- Մշակել Արարատյան հարթավայրում ստորերկրյա ջրերով ոռոգման համակարգը մակերևութային ջրերով փոխարինելու միջոցառումների ծրագիր և այն դնել կիրարկման մեջ:
- ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ մշակել ձկնաբուծական տնտեսությունների կողմից հեռացվող ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հայեցակարգ, այն դնել կիրարկման մեջ, ինչի արդյունքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը կնվազի մոտ 2000լ/վրկ ծավալով, իսկ ոչ ոռոգման սեզոնին` կրկնակի անգամ:
- Համակարգի ինքնաշատրվանող խորքային հորերը բերել փականային ռեժիմի՝ չափագրելով և կապարակնքելով դրանք:
- Տեխնիկական վատ վիճակում գտնվող հորերը փականային ռեժիմի բերվելու անհնարինության դեպքում պարտադրել շահագործողներին հորերը կոնսերվացնել իրենց հաշվին:
- ՋՕԸ-երին տալ սահմանված կարգով ջրառի հաշվառում իրականացնելու և հաշվետվողականության պահանջների պարտադիր կատարման հանձնարարականներ:
- Հստակեցնել ոռոգման նպատակով ջրառի նորմատիվ պահանջները։
դ) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը.
- ՀՀ Արարատի մարզի 141 ինքնաշատրվանող հոր օգտագործող 13 գյուղական համայնքների կարիքների համար մշակել կենտրոնացված ջրամատարարարման համակարգ:
- Կարիքների գնահատումից և ցանցի ստեղծումից հետո համայնքների բյուջեի հաշվին կոնսերվացնել կամ լիկվիդացնել ավելորդ (չշահագործվող) հորերը:
ե) ՀՀ կառավարության Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին
- ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպել համալիր վերահսկողություն` Արարատյան արտեզյան ավազանից ջրառ իրականացնող, ձկնային տնտեսություններում, ջրօգտագործող ընկերություններում և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում:
- Վերահսկողության արդյունքների վերլուծություններից հետո մշակել ոլորտում առկա խնդիրների բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկի տեսքով դրանք ուղղել ըստ պատկան մարմինների։
զ) Ջրային կոմիտեին, անհրաժեշտության դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին.
- Ջրօգտագործվող ինքնաշատրվանող խորքային հորերը սահմանված կարգով բերել փականային ռեժիմի:
- Ապահովել ջրառի ծավալների հաշվառումը, խմելու-քաղցրահամ ջուրն օգտագործել բացառապես այդ նպատակով:
- Բացառել կոյուղաջրերի արտահոսքը գյուղատնտեսական հողեր:
- Մշակել ջրակորուստների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր, օրենքով սահմանված կարգով այն համաձայնեցնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ և իրականացնել ծրագիրը:
է) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին.
- վերանայել տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված ջրի մատակարարման սակագները:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Դատավարության բոլոր փաստաթղթերը, ներառյալ վճռի ամբողջական տեքստը հասանելի կլինեն www.ecolur.org կայքում՝ 10-օրյա ժամկետում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ